Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։
Նա նաեւ փոխանցել է Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից:
«Սիրելի´ հայրենակիցներ, երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպեցինք Ավետիք Չալաբյանին: Ոգին տեղն է, կամքն` ամուր: Խնդրեց իր ընկերներին և համախոհներին փոխանցել իր այս խոսքերը՝ Խնդրեց իր ընկերներին և համախոհներին փոխանցել իր այս խոսքերը․
«Ավետիք Չալաբյան․
Սա պայքար է հայ մնալու համար Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր հետևողական աջակցության համար։ Մեր պայքարն արդար է։ Ոչ մի զրկանք չի կարող կոտրել մեր ոգին և շեղել մեզ մեր պետականությունը պահպանելու և մեր երկիրն ուժեղ դարձնելու ուղուց ի հեճուկս այս իշխանությունների, որոնց քաղաքական ուղեգիծը հետևողականորեն տանում է մեր պետականության վերացմանը։ Ուստի մեր բոլորի համախմբումը և բոլոր օրինական միջոցներով միասնական պայքարն անհրաժեշտություն են։ Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսևորում է։ Գործող իշխանությունների կողմից իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված 6 սկզբունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունը գնում է հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանության ճանապարհով՝ հանուն սեփական նյութական շահի: Մեր հանրությանն անընդհատ խաբում են՝ հավատացնելով, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող դիմակայել մեր առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներին և պետք է գնանք զիջումների․․․ Մենք կտրականապես մերժում ենք այս ուղեգիծը․ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ միասնության շնորհիվ ամենադժվար իրավիճակներն անգամ հաղթահարելի են։ Սիրելի՛ ընկերներ, պետք չէ վախենալ հանուն մեր և մեր սերունդների արժանապատիվ ապագայի զրկանքներ կրելուց։ Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար։ Ուստի կոչ եմ անում դուրս գալ փողոց և արտահայտել ձեր կամքն ու ընդվզումը։ Ձեր՝ Ավետիք Չալաբյան»։
Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը