Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ամեն օր դեռ դրվում են մոմեր, ծաղիկներ ու խաղալիքներ: Մոտ երեք շաբաթ առաջ հենց այս խաչմերկուկում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը դաժան վթարի ենթարկեց 29-ամյա Սոնա Մնացականյանին: Նա հղի էր, սպասում էր առաջնեկին:
Հիվանդանոց տեղափոխվելիս Սոնայի մոտ արդեն սրտի կանգ էր արձանագրվել: Ցավոք բժիշկներին չէր հաջողվել փրկել նաև պտղի կյանքը: Նրան հարվածած մեքենան չէր կագնել, չէին կագնել այդ մեքենային հաջորդող 8 մեքենաները: Անօգնական թողնելով կնոջը՝ նույն արագությամբ քշել-գնացել էին:
Ո՞ւր էին շտապում այդ արագությամբ, ինչպե՞ս է հնարավոր, որ մեքենան հարվածի կնոջն ու շարունակի ընթացքը: Այն էլ՝ վարչապետի շարասյունը, յուրաքանչյուր անձի կյանքի համար պատասխանատու անձինը։ Մինչ ամբողջ հասարակությունը ցնցված էր կատարվածով և փորձում էր ուշքի գալ, իշխանությունից շտապեցին դաշտ նետել կատարվածին թերևս ամենից անհարիր արձագանքը: «Ի գիտություն բոլորին՝ վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է»:
Ֆեյք արշավներով հայտնի Տարոն Չախոյանը շտապեց արդարացնել Փաշինյանին, հետո արդեն ՔՊ-ականնրը սկսեցին արդարացումների շքերթ, էլ ինչ-որ անհասկանալի օրենք էին հիշում, որը վարչապետի կորտեժին արգելում էր կանգնել, էլ խցանում չառաջացնելու պատրվակ էին բերում: Ամեն ինչ, բացի ցավի, ափսոսանքի, զղջման ու կարեկցանքի խոսքերից:
Այս պարզաբանումներն, ավելի ճիշտ արդարացման փորձերն այնքան ծիծաղելի էին, որ նույնիսկ ՔՊ կողմից ՄԻՊ ընտրված Քրիստինե Գրիգորյանը դրանք հերքեց: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում՝ նա նշեց, որ Փաշինյանը տեղյակ չի եղել դեպքից։
Բայց սրան անմիջաապես հակադրվում է Փաշինյանի աշխատակազմը, որը հայտարարել էր, թե Փաշինյանը տեսել է և հրահանգել շտապօգնություն կանչել։
Մինչ ողջ թիմն ու համակիրները ջանում են ամբողջ եռանդով արդարացնել Փաշինյանին, նա լռում է: Մինչ այս պահը որևէ հրապարակային խոսք մենք չենք լսել: Մարդուն բարձրագույն արժեք համարող Փաշինյանն ասելիք չունի: Պարզապես թիմակիցների շուրթերով հորդորում է չշահարկել, չքաղաքականացնել: Քաղաքական ամբողջ կենսագրությունը մարդկանց ցավն ու ողբերգությունը շահարկողը հիմա ցավը չշահարկելուց է խոսում: Հարց է առաջանում, թե ինչ կաներ այս ժամանակ ընդդիմադիր նիկոլ Փաշինյանը:
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը ձերբակալվեց, հետո ազատ արձակվեց, հետո նորից ձերբակալվեց, բայց դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը:
Ոստիկանության սպան մեղադրվում է երկու հոդվածներով՝ պատահարի վայրը թողնելու, ինչպես նաև երթևեկության կանոնները խախտելու համար։ Տուժողի իրավահաջորդի փաստաբանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և դեպքի մանրամասները պարզելու համար:
Թե ինչ ընթացք և հանգուցալուծում կունենա գործը, ժամանակը ցույց կտա: Իսկ իշխանությունները, հավանաբար, նորից կշարունակեն խոսել մարդկային բարձր արժեքներից, կյանքի իրավունքի կարևորությունից, հումանիզմից և ապագայից:
Իսկ անցյալում կմնա Սոնան, նրա երազանքներն ու կիսատ մնացած ծրարգերը, աշխարհն ու իր միջավայրը փոխելու նախագծերը: Նա ծնունդով Արարատի մարզից էր, «Support Our Heroes-Armenia» կազմակերպության համահիմնադիրն էր, Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարը: Ով իր իսկ խոսքերով գնում էր Արցախ՝ տրամադրություն փոխելու և նոր էներգիան բերելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը