16 05 2022

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ․

Օրվա իշխանությունը, շարունակելով իրավական բանդիտիզմը, հակասահմանադրական և հակաբարոյական ճանապարհով ընդունեց այնպիսի մի օրենք, որը նրանց «իրավունք» վերապահեց անարգել մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի ազատ ընտրելու իրավունքը։

Մասնավորապես, քաղաքացու քվեով ձևավորված համայնքային իշխանությունը քաղաքացուց խլվեց և հարմարեցվեց իշխող ռեժիմի քմահաճույքին։ Իշխող քաղաքական խումբն ուներ միայն մեկ նպատակ, այն է՝ միանձնյա, բոլորիս փոխարեն որոշել, թե ով կամ ովքեր պետք է կառավարեն համայնքը։

Այդ հանցավոր գործունեության շրջանակներում օրեր առաջ այս իշխանությունը Վանաձոր խոշորացված համայնքում նշանակել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Սա այն դեպքում, երբ Ավագանու գործունեությունն ապօրինի պարալիզացման է ենթարկել հենց ինքը, նույն իշխանությունը։ Մասնավորապես, իր հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի ղեկավարած խմբակի միջոցով, չարաշահելով դատական պաշտպանության իրավունքը, դատարանի նկատմամբ ակնհայտ ապօրինի ներգործության միջոցով հասել է նրան, որ Ավագանու կամքից անկախ և Ավագանու համար անհաղթահարելի եղանակով արգելվել է Ավագանու գլխավոր լիազորության՝ համայնքի ղեկավար ընտրելու իրացումը։

Մեզ համար այս հանցավոր գործարքի նպատակը հենց սկզբից էր պարզ, ինչի մասին ամիսներ շարունակ հանրությանն իրազեկում էինք։

Այս պայմաններում «Հայրենիք» խմբակցությունը հայտարարում է, որ

1. Չի մասնակցելու Ավագանու նիստերին մինչև չվերականգվի օրինականությունը։

2. Սկսելու է խորհրդակցություններ բնակիչների հետ՝ մեր սիրելի համայնքում ժողովրդավարությունը վերականգնելու ուղղությամբ:

3. Գործադրելու է ամեն ջանք Վանաձորի, Գուգարքի, Դարպասի և Շահումյանի բնակիչների կամքը իրականություն դարձնելու համար:

Սիրելի ընկերներ, չե՛նք վհատվում:

Ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է:

Մենք պատվախնդիր ժողովուրդ ենք: Մեր իրավունքների և մեր ազատությունների համար պայքարում լինելու է մեկ հաղթող՝ դա Վանաձոր համայնքի ամբողջ բնակչությունն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ