07 04 2022

44-օրյա պատերազմի հարցով հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախագիծը Փաշինյանը մերժեց

44-օրյա պատերազմի հարցով հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախագիծը Փաշինյանը մերժեց

Կառավարությունն իր այօրվա՝ ապրիլի 7-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Հայաստան»  խմբակցության «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը:

Նոր մշակված օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման և գործունեության վերաբերյալ:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է ««2022 թվականի փետրվարի 10-ին ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալնե¬րի, պատճառների, պայմանների և հետևանքների, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, ուսումնասիրություն իրականացնելու, զեկույցներ ներկայացնելու համար ստեղծվող հանձնաժողովի և 2022 թվականի փետրվարի 10-ից գործող Քննիչ հանձնաժողովի առարկան, նպատակն ու խնդիրներն ըստ էության նույնանում են:

Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ նախագծով առաջարկվող ստեղծվելիք հանձնաժողովը բացի կազմակերպաիրավական վիճակից, մյուս հատկանիշներով նույնանում է Ազգային ժողովում արդեն իսկ գոյություն ունեցող քննիչ հանձնաժողովի հետ:

Առկա պայմաններում, միևնույն գործառույթն իրականացնող երկու մարմինների առկայությունն առաջ կբերի մի շարք խնդիրներ: Նախ, չի ապահովվի իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ երկու մարմինների կողմից կարող են ընդունվել միմյանց հակասող ակտեր: Բացի այդ, Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առկայության պայմաններում նոր հանձնաժողովի ստեղծումը կասկածի տակ կդնի քննիչ հանձնաժողովի գործունեությունը:

Միևնույն գործառույթի իրականացման հնարավորությունը երկու տարբեր մարմինների կողմից կարող է վտանգել դրանց անկախությունն ու ինքնուրույնությունը, ինչպես նաև գործունեության արդյունավետությունը, քանի որ հնարավոր է ստեղծվեն իրավիճակներ, երբ երկու մարմինների կողմից միաժամանակյա ներկայացված պահանջներն օբյեկտիվորեն հնարավոր չլինի կատարել դրանց հասցեատերերի կողմից:

Բացի այդ, որոշակի գործառույթ իրականացնող մարմնի առկայության դեպքում ընդհանրապես իմաստազրկվում է նույն գործառույթն իրականացնելու համար նոր մարմնի ստեղծումը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ներկայացված նախագիծն իր նպատակադրումներով և բովանդակային ընդգրկմամբ հակասում է Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասին:

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ փաթեթում ներառված մյուս նախագծերին անդրադարձ չի կատարվել՝ հաշվի առնելով նախագծի վերաբերյալ սույն առաջարկության անխզելի կապը փաթեթում ներառված մյուս նախագծերի հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթի ընդունումից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ