168.am-ը գրում է․ Մարտի 24-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց, որ ս/թ փետրվարի 20-ին «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի, պամֆլետ ոճով ռեպորտաժը ՀՌՀ-ի կողմից դիտվել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում, և հենց նույն օրը «5-րդ ալիքի» նկատմամբ ՀՌՀ-ն կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 դրամ:
Իր ռեպորտաժի մեջ «5-րդ ալիքն» օգտվել էր Oragir.news-ի հրապարակումից:
«Ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող երկրի վերահսկիչ մարմնի արժանի որոշում: Մենք, իհարկե, կվիճարկենք որոշումը և կանցնենք բոլոր ատյաններով:
Դա էլ մեր որոշումն է: Սկսվում է նոր՝ «խաղաղության դարաշրջան»,- գրել էր Հարություն Հարությունյանը՝ մեկնաբանությունների դաշտում տեղադրելով նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) որոշման հղումը:
Հիշեցնենք, որ Oragir.news-ը ընդամենը ոստիկանությունից փորձել էր ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիներն ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։
«5-րդ ալիքը» վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը ստացել է փետրվարի 28-ին և հաջորդն օրն իսկ պատասխանել, որ ինչ վերաբերում է Արձանագրության և ծանուցման մեջ մեջբերված բառերին, ապա հարկ են համարում հատուկ նշել, որ նշյալ բառերը որևէ կերպ չեն հնչեցվել և/կամ արտաբերվել լրագրողի կողմից: Ավելին, նշյալ բառերը տեղ են գտել oragir.news լրատվականի կողմից ՀՀ Ոստիկանությանը հասցեագրված հարցմանն ի պատասխան ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանման շրջանակներում: ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանումը չի փոփոխվել, չի խմբագրվել, դրա բովանդակությունը որևէ կերպ չի խեղաթյուրվել, ավելին՝ բոլոր անհրաժեշտ ռեկվիզիտները պահպանվել են: Ստացվում է, եթերի ընթացքում երբևէ չեն հնչեցվել ցենզուրայից դուրս արտահայտություններ, դրանք՝ հանդիսանալով ՀՀ Ոստիկանության պաշտոնական պարզաբանումները, պարզապես մեկ կարճ դրվագով հպանցիկ ցուցադրվել են եթերի ընթացքում:
168.am-ը Հարություն Հարությունյանի հետ զրուցել էր հենց վարչական վարույթի հարուցման հաջորդ օրը՝ մարտի 25-ին:
Վերջինս նախ նկատեց՝ ՀՌՀ-ի մոնիթորինգի հանձնաժողովի դիտարկումն ամբողջովին դիտարկվում է այն գործառույթների մեջ, որոնք գտնվում են ՀՌՀ տիրույթում:
«Իրենք կարող են գրել, մենք պատասխանենք, մոնիթորինգի հանձնաժողովը համարի, որ մեր պատասխանը հիմնավոր է, և անցնեն առաջ: Մենք պատասխանել ենք ՀՌՀ-ին, որի համար մենք հրավիրել ենք էթիկայի հանձնաժողովի նիստ: Ի դեպ, մեր հեռուստաընկերությունը միակն է, որ ունի մեր կողմից ստեղծված էթիկայի հանձնաժողովը»,- ասաց Հարություն Հարությունյանը:
Ըստ նրա՝ նիստի ընթացքում իր դիրքորոշումը եղել է այնպիսին, որ եթե ռեպորտաժի մեջ կա փոքր բացթողում էկրանից համակարգիչի մոնիթոր անցման ընթացքում, ու խնդրահարույց բառերը իրենք չենք ստվերել, պատասխանատուները պետք է պատասխանատվության կանչվեն:
«Մենք ռեժիսորին և ռեպորտաժը մոնտաժողին բանավոր նկատողություն ենք հայտարարել, և էթիկայի հանձնաժողովը, համարելով, որ նկատողությունը բավարար է, հարցի քննարկումը սպառել է՝ գոհունակություն հայտնելով, որ հեռուստաընկերությունն ուշադիր է իր արտադրանքի նկատմամբ և պահում է էթիկայի նորմերը»,- ասաց ՀԸ տնօրենը՝ շեշտելով, որ ՀՌՀ-ին են ուղարկել նաև էթիկայի հանձնաժողովի արձանագրությունը:
Վերջինս տրամադրեց նաև էթիկայի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, հանձնաժողովի անդամների ելույթները, նրանց դիտարկումները:
«Բայց մինչև նիստը նշանակվելը ՀՌՀ-ն հաջորդ օրն իսկ նշանակում է վարչական նիստ, որի նպատակը պարզ է բոլորին: ՀՌՀ-ում շատ լավ գիտեն, որ «5-րդ ալիքը» բարեխիղճ գործընկեր է, ու հաճախ չենք էլ սպասում էթիկայի հանձնաժողովի նիստին ու միանգամից տույժ ենք նշանակում»,- ասաց Հարություն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ իրենց համար ամենավիրավորականն այն է, որ իրենց համարել են մանկահասակ երեխաների հոգեկան վիճակի վրա ազդող:
«Այսինքն՝ մեզ մեղադրում են եթերի ոչ ճիշտ ժամանակահատվածում էրոտիկ ժանրի հաղորդում հեռարձակելու մեջ, դրանով մեղադրելով մեզ մանկապղծության մեջ, ինչի մասին նաև ՀՌՀ նիստում եմ ասել: Իրենք փորձում էին հակադարձել, թե մանկապղծությունն այլ բան է, բայց չէ՞ որ մանկապղծությունը միայն ֆիզիկական չէ, որ լինում է: Մենք այն հեռուստատեսությունն ենք, որ բոլոր մուլտերը թարգմանում ենք հայերեն, նույնիսկ մանկական հաղորդում ունենք, որն ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ»,- ասա ՀԸ տնօրենը:
Հարություն Հարությունյանը նկատեց՝ ինքը մանկական դաստիարակչական բնույթի գրքի հեղինակ է, որը տպագրվել է Ժնևում, Երևանում նույնպես մանկական գիրք է հեղինակել, այդքան ուշադիր է երեխաների նկատմամբ, ու իրեն մեղադրում են երեխաների հոգեկան վիճակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ:
Ըստ նրա՝ ՀՌՀ-ում ողջ քննարկումն ընթանում էր այն ուղղությամբ, որ իրենց հեռուստաընկերության լուրերի թողարկումները վատն են, տագնապահարույց են, և անհասկանալի էր, թե դա ինչ կապ ուներ իրենց քննարկման առարկայի հետ:
«Օրինակ, մեզ հարց են տալիս՝ ինչո՞ւ եք ասում, որ 6 ադրբեջանցի տուն է գնել Հայաստանում: Պատասխանում եմ՝ մենք չենք ասում, Կադաստրն է ասել, մենք էլ փաստն ենք արձանագրել: Կամ՝ ինչո՞ւ եք ասում, որ Նոր Շեն համայնքում թշնամին եկել, մոտեցել է գյուղին: Դուք այնպիսի բաներ եք ասում, որ ուզում ենք մեր իրերը հավաքել ու հեռանալ երկրից: Ասում եմ՝ Նոր Շենում բայց թշնամին առաջ է եկել, պատասխանում են՝ հա, մի կին եք գտել, մի բան ասել է, գնայիք, տեղում նայեիք: Արձագանքում եմ՝ մեր լրագրողը տեղում է նկարել, և մանիպուլյացիա անողը մենք չենք, այլ Պաշտպանության նախարարությունը, և ՄԻՊ-ը իր հայտարարությամբ ևս փաստել է, որ մեր հայտնած լուրը համապատասխանում է իրականությանը»,- իրավիճակը ներկայացրեց Հարություն Հարությունյանը:
Վերջինս նկատեց՝ երբ ինքն ասել է, որ ՀՌՀ անդամները խառնվում են իր խմբագրական գործունեությանը, նրանք պատասխանել են՝ մենք ուղղակի ենք ասում, հո դրա համար տույժ չե՞նք նշանակում:
«Ամեն ինչ մատնանշում էր, որ ՀՌՀ-ն լարված է «5-րդ ալիքի դեմ», և վերջապես մի սողանցք էին գտել, ինչից կարելի էր կառչել»,- ասաց հեռուստաընկերության տնօրենը:
Հարություն Հարությունյանը նշեց՝ ՀՌՀ որոշումը բողոքարկելու են, անհրաժեշտության դեպքում կհասնեն մինչև Եվրոդատարան:
«Եթե ագամ ռեպորտաժում խնդրահարույց էթիկական նկատառումներ էլ կան, դա հաստատ վարչական վարույթ հարուցելու հարց չէր: Ես այս մասին ՀՌՀ-ում եմ էլ եմ ասել: Իսկ ի՞նչ կարծիքի են այդ նույն՝ ՀՌՀ-ի վարչությունները, երբ երկրի ղեկավարի դեմքով քաշած օղու թաքնված գովազդ էր անում, և այն ուզած-չուզած հեռարձակվում էր եթերում, կամ արդյո՞ք նորմալ է «դրանց բռնելու եմ շինեմ» կամ «թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» արտահայտությունները: Միայն չասեք, թե դրանք քաղաքական ենթատեքստով են ասված և ոչ մի արտառոց բան չկա: Ախր չի կարելի այդքան կտրված լինել իրականությունից, չէ՞ որ հենց իրենց՝ քաղաքական էլիտաների վարքն է անմիջականորեն ազդում մյուսների գիտակցության վրա, և այդ՝ նմանատիպ վարքն է բերում հանգեցնում ահա, այսպիսի վարչական վարույթների»,- ասաց Հարություն Հարությունյանը:
168.am-ի հետ զրույցում «5-րդ ալիքի» ներկայացուցիչ Իրմա Ճաղարյանը նույնպես նշեց՝ իր վստահորդ կազմակերպությունը հանդիսանում է նյութի երրորդային վերահեռարձակող: Մասնավորապես, տեղեկությունը տարածվել է ի սկզբանե լրատվամիջոցներով և Ֆեյսբուք սոցիալական ցանցով, որից հետո նոր՝ որպես փաստ, վերահեռարձակվել լրատվամիջոցով, ընդ որում, Ֆեյսբուք սոցիալական կայքն ավելի լայն հասանելիություն ունի անչափահասների շրջանում, քան լրատվականը, որին չափահասները հիմնականում չեն հետևում:
«Վարչական մարմնի կողմից չի պահպանվել հավասարության սկզբունքը, և խախտվել է կամայականության արգելքի սկզբունքն այնքանով, որքանով որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, դրանից հետո երկրի վարչապետի կողմից հանրայնորեն հնչեցված «բռնելու եմ շինեմ», «եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» և այլ կարգի նման ոճի գռեհիկ արտահայտությունները լայնորեն տարածվել էին մի շարք հեռուստաընկերություններով, և դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում ՀՌՀ կողմից չի հնչեցվել:
Ցանկացած նորմ, այդ թվում՝ նաև պատասխանատվություն ենթադրող, ունի իր նպատակները: Եթե մենք խոսում ենք նշված նորմի նպատակների մասին, ապա ակնհայտ է, որ այն ուղղված է անչափահասներին որոշակի տեղեկությունների հասանելի չդարձնելուն, մինչդեռ մեր փաստարկն առ այն, որ դա արդեն իսկ սոցիալական ցանցերով և էլեկտրոնային լրատվամիջոցներով ավելի լայն հասանելիության է արժանացել, արձագանքի չարժանացավ»,- ասաց Իրմա Ճաղարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը