24 03 2022

Գազատարի վրա ադրբեջանական կողմից փական տեղադրելու դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ֊ում քրեական գործ է հարուցվել

Գազատարի վրա ադրբեջանական կողմից փական տեղադրելու դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ֊ում քրեական գործ է հարուցվել

Սույն թվականի մարտի 8-ին, ժամը 23:15-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը: Նկարագրված դեպքի կապակցությամբ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե:

Սույն թվականի մարտի 22-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ Արցախի գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում է, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական:

Նկարագրված դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ