22 03 2022

Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել

Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է առատ ձյան հետևանքով փլուզումների մասին:

Մարտի 21-ին ժամը 19:15-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում առատ ձյան հետևանքով փլվել է նույն համայնքում բնակվող ամուսիններին պատկանող 2 անասնաֆերմայի տանիք:

Փլուզման մասին հերթական հաղորդումը ստացվել է ժամը 19:30-ին, առ այն որ ժամը 14:00-ին նույն համայնքի «Վարազաբուն» կոչվող տեղանքում առատ ձյան հետևանքով փլվել է Վարդաձոր համայնքի բնակչին պատկանող անասնաֆերմայի տանիքը:

Նույն օրը, ժամը 19:10-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում առատ ձյան հետևանքով փլվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տնամերձ ծածկը:
Բնակելի 2 տան տանիքների փլուզումներ են գրանցվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղում և Ճարտար քաղաքային համայնքում՝ բնակարանին կից ծածկը: Ոչ ոք չի տուժել:

Բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ: Հասցված վնասների չափը ճշտվում է:

Մարտի 21-ին ժամը 15:15-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ին Մարտունու շրջանի Սոս համայնքում, առատ ձյան հետևանքով, փլվել է նույն համայնքի բնակչին պատկանող ծածկը, որի տակ կայանված է եղել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան:

Ծածկը փլվելու հետևանքով մեքենաներ են վնասվել նաև Հերհեր և Սպիտակաշեն համայնքներում։
Նշենք, որ շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 1մ-ի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ