Հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքները՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից։ Նոր կարգը նախատեսվել է «Պետական նպաստների մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխություններով։
Բարձրացել է նաև խնամքի նպաստի չափը։ Հուլիսի մեկից աշխատող կանանց կվճարվի 26 500 դրամ՝ 18000-ի փոխարեն: Գյուղական բնակավայրում ապրող ծնողը, որը նաև վարձու աշխատող է, ըստ էության, կստանա կրկնակի նպաստ, այսինքն` 53 հազար դրամ։
«Այսօր խնամքի նպաստ հատկացվում է այն ծնողներին, որոնք գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նպաստը տրվում է մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Սա նշանակում է, որ երեխայի ծնվելու պահին կինը պետք է հանդիսանա վարձու աշխատող։ Նոր փոփոխությամբ՝ խնամքի նպաստ կհատկացվի գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքին ՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը