Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը:
Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից.
երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:
Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:
Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում:
Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում:
Սույն միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:
Անկախ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված նույնականացման կանոններից, սույն միջոցառման շահառու են հանդիսանում նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 358 Լ և մարտի 30-ի թիվ 410 Լ, 411 Լ, 412 Լ որոշումներով հաստատված միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում էավելի մեծ գումար:
Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվել վերոնշյալ որոշումներով հաստատված միջոցառման աջակցությունից և դիմել սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը