11 02 2020

Չիրականացվող սոցիալական խոստումների սպեկուլյացիան. Թադևոս Ավետիսյան

Չիրականացվող սոցիալական խոստումների սպեկուլյացիան. Թադևոս Ավետիսյան

Իշխանափոխությունից հետո արդեն անցել է բավարար ժամանակ՝ շուրջ երկու տարի, սակայն անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական վերանայումը՝ կառավարության որոշումների եւ նախարարի հրամանների համապատասխան փոփոխություններն իրականացված չեն: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը: Նա նշում է․

«Պարբերաբար անդրադառնում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների հետաձգմանը, դրանց իրական պատճառներին ու հետեւանքներին: Ներկայացրել ենք այս ոլորտի ապաշնորհ կառավարման մի շարք ձախողումներ: Իհարկե, այս ամենն արձանագրվում է գործող իշխանությունների չիրականացվող խոստումների ֆոնին:

Այս մեկն առանձնահատուկ է իր նոր՝ սպեկուլյատիվ բնույթով:

Խոսքը վերաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որը կառավարության ներկայացմամբ՝ քննարկվեց Ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստում: Երկու-երեք տողանոց այս նախագծով ընդամենն առաջարվում է սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պարզ վերաբաշխում: Նախագծի ընդունման դեպքում տեղական ինքնակառավարման մարմինները չեն իրականացնի կառավարության կողմից պատվիրակված սոցիալական ծառայությունները: Իսկ այդ լիազորությունները կփոխանցվեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

Նախագիծն էլ ներկայացվեց այնպես, որ հենց այս փոփոխությամբ կլուծվեն սոցիալական աջակցության խնդիրները՝ որպես կառավարության կողմից խոստացված համակարգային բարեփոխում:

Իրականում այս փոփոխությունը եւ դրա պոպուլիստական ներկայացումը ձախողված հերթական փորձերն են՝ խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու եւ նախորդ երկու տարիներին սեփական անգործությունը քողարկելու նպատակով: Եվ գուցե հանգեցնի նաեւ սոցիալական աշխատողների հաստիքների որոշակի կրճատման:

Սակայն պետք է հիշեցնել՝ գործող իշխանությունները խոստացել էին ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայում, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական եւ որոշիչ գործիքը:

Գործող համակարգի հիմնական խնդիրները վերաբերում են դրա գործառնական հիմքերին, որոնք սահմանված են կառավարության որոշումներով եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամաններով:

Իշխանափոխությունից հետո արդեն անցել է բավարար ժամանակ՝ շուրջ երկու տարի: Սակայն անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական վերանայումը՝ կառավարության որոշումների եւ նախարարի հրամանների համապատասխան փոփոխություններն իրականացված չեն: Իսկ կատարված մեկ-երկու փոփոխությունները կրել են ոչ թե համակարգային, այլ կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով գործող համակարգում առկա խնդիրները: Մասնավորապես, անապահովության անուղղակի գնահատման եղած ցուցանիշներն են ավելացվել խնդրահարույց նոր ցուցանիշներով: Իսկ քաղաքականության պատասխանատուները սիրողական մակարդակով այս խնդիրների մասին միայն պարբերաբար խոսում են:

Մյուս կողմից՝ հետաձգվում է բնակչության եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, առանց որի անհնար է ապահովել անապահովության եւ սոցիալական կարիքների օբյեկտիվ գնահատում:

Կիրառվող մեթոդը հիմնված է գնահատման անուղղակի ցուցանիշների, ոչ բավարար տեղեկատվության եւ սոցիալական աշխատողի սուբյեկտիվ եզրակացության վրա: Սրանով են հիմնականում պայմանավորված կոռուպցիոն պահպանվող ռիսկերը, ընտանեկան եւ սոցիալական նպաստների, ինչպես նաեւ սոցիալական աջակցության մյուս ծրագրերի հասցեականության խնդիրները:

Իրական լուծում ապահովող փոփոխությունները պետք է սկսել հենց անապահովության եւ սոցիալական կարիքի գնահատման մեթոդաբանական ու տեղեկատվական հիմքերի ապահովումից: Այս ուղղությամբ անհրաժեշտ էր շարունակել մեկնարկած համակարգային բարեփոխումները մասնագիտական համակարգված աշխատանքով:

Հետեւաբար, սոցիալական ծառայություններ մատուցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ենթակայության փոփոխությունները, միավորումները, եղած լիազորությունների վերաբաշխումները, որոնք առաջարվում են վերը նշված օրենքի նախագծով, եւ նմանօրինակ մեխանիկական այլ փոփոխություններն՝ ի սկզբանե ձախողված են արդյունքի տեսանկյունից: Ի դեպ՝ մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը, նաեւ՝ աշխատողների 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ:

Նշված խնդիրները համակողմանի են, իսկ լուծումները բարդ են: Պոպուլիզմն այստեղ որեւէ իրական արդյունք չի ունենալու:

Հույսը միշտ կա »։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ