20 12 2019

Կառավարության «լուծումը» բացարձակ համարժեք չէ նպատակին․Թադևոս Ավետիսյան

Կառավարության «լուծումը» բացարձակ համարժեք չէ նպատակին․Թադևոս Ավետիսյան

2019թ. դեկտեմբերի 19-ին կառավարությունը հավանություն տվեց պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքի լրացման նախագծին (https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 6-րդ հարց): Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նախագծի հիմնավորումը ցնցող է՝ նպատակի, ակնկալվող արդյունքի տեսանկյունից: Այն ունի հետեւյալ ընդհանրական բովանդակությունը: Նախ՝ գործող կառավարությունը բազմազավակ ընտանիքների սոցիալական երաշխքիներն ու աջակցությունը համարում է անբավարար, որը հանգեցրել է այդ ընտանիքների թվի նվազման: Հետեւաբար՝ գործող կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման նպատակով՝ իր համար կարեւոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը, երրորդ եւ հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը: Այս նպատակով էլ կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն՝ ուղղված բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացմանը:

Փոփոխության այս նախագիծը կառավարության նիստում ծավալուն քննարկվեց՝ որպես բազմազավակների պետական աջակցության կարեւոր հանգրվան:

Սակայն առարկայական փաստ է, որ այս դեպքում եւս գործ ունենք հնչեցվող նպատակին բացարձակապես ոչ համարժեք լուծման հետ:

Իհարկե, հռչակվող նպատակադրումն օբյեկտիվ է, որի իրականացման առաջնային անհրաժեշտությունը բազմիցս ենք հիմնավորել: Նաեւ իշխանափոխությունից հետո ենք առաջարկել իրավական եւ ծրագրային իրական լուծումներ:

Իրականությունը հետեւյալն է՝ կառավարության հավանությանն արժանացած նախագծով առաջարկվում է «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց տրամադրել ամսական 40 հազար դրամ պատվովճար:

Իհարկե, վատ չի: Բայց Ծնողական փառքի մեդալով պարգեւատրված են ընդամենը 9 ընտանիքների ծնողներ, իսկ բազմազավակ ընտանիքների թիվը 13 հազար է:

Հետեւաբար, նորից շարունակում են անպատասխան մնալ մեր կողմից բազմիցս բարձրացված հետեւայալ հարցերը.

«Իշխանափոխությունից հետո ինչու՞ շրջանառությունից հանվեց բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին օրենքի նախագիծը: Կառավարությունը կկատարի՞ Սահմանադրության 83-րդ եւ 86-րդ հոդվածներով հստակ ամրագրված իր պարտավորությունը: Ե՞րբ կունենանք բազմազավակ բոլոր ընտանիքների համար պետական աջակցության մասին օրենք եւ համապատասխան ծրագիր: Եթե կառավարությունը թիրախավորում է երրորդ եւ հաջորդ երեխաների ծնունդը, ապա ինչու՞ է 2020 թվականի պետական բյուջեում նախատեսել առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների էական բարձրացում, իսկ երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը թողնվել է անփոփոխ:

Ժողովրդագրական քաղաքականության հռչակվող նպատակների եւ գործող կառավարության իրական գործողությունների տեսանկյունից բնութագրական է նաեւ հետեւյալ փաստը՝ կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Իսկ 2019 եւ 2020 թվականների պետական բյուջեներով, 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր եւ ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: Ի դեպ, վերջինիս մասին արձանագրված է նաեւ այս նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված դիրքորոշման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ