Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը
– Ադրբեջանը հրապարակեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական նախապայմանները , որոնց արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն՝ հաստատելով տեղեկատվությունը: Դրան արդեն կրկին արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես կմեկնաբանեք հապճեպ ընթացող այս գործընթացը։
– Նախ համաձայն եմ, գործընթացին տրված ձեր գնահատականի հետ, որը դուք անվանեցիք հապճեպ, բայց պետք է ավելացնեմ նաեւ գաղտագողի որակումը։ Իրեն ամենաթափանցիկ, լեգիտիմ իշխանություն հռչակած ուժը, նախ թաքցնում էր Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում իր վարած քաղաքականությունը, փոխարենը 2019թ․-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր գաղտնազերծում՝ հայտարարելով, որ բանակցությունների սեղանին «փուլ առ փուլ» տարբերակն է քննարկվում: Հետո, այս իշխանությունը 44 օր ստում էր պատերազմի ժամանակ, նոյեմբերի 9-ից հետո, Թուրքիայի իշխանությունները հայ ժողովրդի համար բացահայտեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են լինելու, իսկ վերջինն այն էր, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններ են ընթանում եւ դրա համար հայկական կողմին է փոխանցել 5 սկզբունքներ։ Հասկանալի է, Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ իրենց պատկերացմամբ, հարցը արագ կարգավորելու հապճեպությունը․ Ռուսաստան-արեւմուտք հակամարտությանը զուգահեռ գործելու պարարտ հող է ստեղծվել իրենց համար, եւ ուրեմն ինչո՞ւ չշտապեն, մանավանդ եթե չեն հանդիպում հայկական կողմի դիմադրությանը։
-Ինչի՞ մասին են, ըստ էության, այդ սկզբունքները։
-Ադրբեջանի ներկայացված 5 կետերի բուն նպատակը՝ 44 օրյա պատերազմի արդյունքների իրավաբանական ամրագրումն է։ Եթե Հայաստանն առանց Արցախի անկախության ճանաչման, գնա փոխադարձության սկզբունքով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա կնշանակի՝ հրաժարում Արցախից, եւ նրա ամրագրում Ադրբեջանի կազմում։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է, որ դա կարող է դառնալ քննարկման նյութ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ առաջարկությունների մասով դիմել են ԵԱՀԿ ՄԽ-ին. այսինքն, հայկական կողմի համար կարող է քննարկման նյութ դառնալ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու ադրբեջանական պահանջը։ Այս հայտարարությունների հիմքը դրել է Նիկոլ Փաշինյանը, ով իր վերջին «ասուլիս» -մենախոսություններում հայտարարում էր, որ որեւէ պարագայում Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, այն նույն Նիկոլ Փաշինյանը, ով Ստեփանակերտում հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ով սկսում էր իր զրո կետից, 2020թ․ փետրվարի 15-ին Ալիեւի հետ հանդիպումից հետո էլ Մյունխենյան սկզբունքներ էր սահմանում, ու ասում, որ չկան տարածքներ, կա անվտանգություն. «Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»: Հիմա պարզվում է, իրենց համար այլեւս չկա կարմիր գիծ, ու Արցախը կարող է եւ լինել Ադրբեջանի կազմում, այն Ադրբեջանի, որի սպան գլխատել է քնած հայ սպային, որի զինվորը կտրել է անօգնական ծերունիների ականջներ. ես գենետիկ անհամատեղելիության բազմաթիվ պատմական օրինակներ կարող եմ բերել։ Այս իշխանությունը, իր ԱԳ նախարարի մակարդակով այլեւս անգամ չի օգտագործում «ազգերի ինքնորոշման» իրավունք եզրույթը․ իր վերջին հարցազրույցում Արարատ Միրզոյանը բավարարվում է՝ «Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների» ձեւակերպմամբ, ի՞նչ իրավունքի, ո՞ր իրավունքի :
-Այդուհանդերձ, ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ:
-ԵԱՀԿ ՄԽ մանդատը չի վերաբերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, այդ մանդատը առնչվում է Արցախի հարցի կարգավորմանը, եւ ուրեմն, կարեւոր է հասկանալ ՀՀ ԱԳՆ-ի այդ դիմումի մեջ Արցախի մասով, Արցախի ճակատագրի, կարգավիճակի մասով ինչպիսի՞ ձեւակերպումներ են տրված, կամ առհասարակ, նման հարցադրումներ ուղղվել են, թե՞ ոչ: Չնայած Ռուսաստան-արեւմուտք խնդիրներին, Արցախը միշտ եղել է այն քիչ կետերից մեկը, ուր ՌԴ-ի, ԱՄՆ-ի պատկերացումները համադրելի են եղել, այսօրվա առճակատման պայմաններում, արդյո՞ք, հնարավոր է պահպանել այդ մակարդակը, դժվար է պատասխանել :
-Աշխարհը պատերազմում է, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի են ուզում հասնել, մի՞թե գնահատելի չեն իշխանությունների այս տիտանական ջանքերը:
-Ես գնահատում եմ ձեր հումորը, բայց փաստը մեկն է, որ աշխարհն այլեւս բաժանվում է պայմանական սեւի եւ սպիտակի, նոր աշխարհակարգ է ձեւավորվում եւ այս պայմաններում, եթե իշխանությունները կարծում են, թե ժողովրդական լեզվով ասած՝ իրենք ամենաշուստրին են, իրոք, ցավում եմ նման մանկամիտ պատկերացումների համար։ Փաստը մեկն է, որքան էլ ոմանք չցանկական դա ընդունել՝ այսօր Արցախը, արցախցիների անվտանգությունը պահում են ռուս խաղաղապահները, եւ այս պայմաններում փորձել Ռուսաստանի թիկունքում խաղեր տալ, իսկ ես ձեզ վստահեցնում եմ՝ նման դեպքեր եղել են, հերթական արկածախնդրության գնալ է, նոր փորձանք Հայաստանի ու Արցախի գլխին բերել է:
-Քանի որ խոսեցիք նոր աշխարհակարգի ձեւավորման մասին, անհասկանալի է՝ ինչպիսի՞ն է այդ դեպքում ընդդիմության՝ ձեր դաշինքի գնահատականը ռուս-ուկրաինական պատերազմին:
-Նախ, Արցախյան պատերազմ տեսած որեւէ հայի համար չի կարող որեւէ պատերազմ ընդունելի լինել։ Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել՝ իր շատ հստակ հիմնավորումներում, եւ լուծում է ոչ միայն իր, այլ նաեւ Դոնբասի բնակչության անվտանգությանը խնդիրը։ Ես ցավում եմ Ուկրաինայում զոհվող յուրաքանչյուր քաղաքացու համար, բայց ես նաեւ ցավում եմ Դոնբասում շուրջ 8 տարիների ընթացքում զոհված եւ զոհվող քաղաքացիների համար. մի բան, որը հավաքական արեւմուտքն այդպես էլ չտեսնելու է տվել եւ տալիս, այնպես ինչպես ընդամենը վերջերս՝ Արցախյան երկրորդ պատերազմում։ Ինձ համար Դոնբասում, Ուկրաինայում, Իրաքում, Պաղեստինում, Աֆղանստանում, Սիրիայում զոհված երեխաները հավասար են, հավաքական արեւմուտքի համար պարզվում է նրանց արյան բաղադրությունն այլ է, ու ողբերգության գնահատականն է այլ․ այս երկակի ստանդարտներն են նաեւ սնուցել այն, ինչի ականատեսն ենք այսօր աշխարհում։ Վերադառնալով գնահատականի մասին ձեր հարցին, նախ կարեւոր է, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեն եւ հարցերը լուծվեն բանակցային սեղանի շուրջ: Ինձ համար, անկեղծորեն, առնվազն տարօրինակ է որոշակի շրջանակների սպասումը, թե ուր որ է Ռուսաստանը կպարտվի, կամ կհայտնվի լիակատար մեկուսացման մեջ: Նախ, դեպքերի ընթացքը ամենեւին չի հուշում այդ սցենարի իրատեսականությունը, բայց մյուս կողմից անհասկանալի է, որ այդ մարդկանց մոտ չկա գիտակցումը, որ Ռուսաստանի պարտությունը լրջագույն խնդիրներ կստեղծի Հայաստանի համար․ Հայաստանի վիլայեթացումը տեխնիկական հարց է ընդամենը դառնալու, մենք նոր ցեղասպանության առջեւ ենք կանգնելու։ Ակնհայտ է նաեւ, որ անկախ պատերազմի ելքից, աշխարհն այլեւս նույնը չի լինելու, փոխվելու է մեր ռազմավարական գործընկերոջ դերակատարությունը տարածաշրջանում, եւ դրանից բխող մարտահրավերները:
-Բայց իշխանությունները, մասնավորապես ԱԳ նախարարը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման եւ ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
-Փոքրիկ ճշտում՝ Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն կիսող Արարատ Միրզոյանի համար․ Հայաստանը չէ, որ փակել է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան է փակել, եւ ուրեմն, բացողն էլ ինքը պետք է լինի։ Տեսեք, սկսելով այս գործընթացը իշխանությունները պնդում էին, որ առանց նախապայմանների է, մինչդեռ թուրքական բոլոր նախապայմանները կամ կատարել են կամ ընթացքի մեջ է․ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին չեն խոսում, դեռ մի բան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դա սփյուռքի գործն է , Արցախի հարցից վերջնականապես ձեռքերը լվացել են, Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային կապն էլ ապահովելու են։ Էլ ի՞նչ նախապայման, իրականում Հայաստանը ընդառաջ է գնում թուրքական նախապայմաններին։ Հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, բայց հայ ժողովուրդը արժանապատիվ խաղաղություն է ուզում։ Նոր փորձանքը, նոր փորձությունը, նոր արկածախնդրությունը անդառնալի հետեւանքներ է ունենալու, այս գիտակցումը ցավոք, այս իշխանությունը չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը