15 03 2022

Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի. Էդուարդ Աղաջանյան

Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել է դեռ 1991-ին՝ Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, որով կողմերը, ըստ էության, ամբողջությամբ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Եվ ըստ այդմ՝ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքների նկատմսմբ որևէ հավակնություն չունի:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Աղաջանյանը պատասխանել է․ «Այստեղ ևս կարծում եմ` մեր դիրքորոշումն այդ դիտարկմանը ևս արձագանքում է և փակում է հարցը հետևյալ համատեքստում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտումներ չի ունեցել, և խոսքը Արցախի բնակչության` հայ բնակչության իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքն է, հետևաբար՝ ամբողջ համատեքստը կոնֆլիկտի՝ սկսած 1990-ականների սկզբից, հենց սա է եղել, և այստեղ նորություն, ըստ էության, մենք չենք ասում: Վերջին 30 տարիների ընթացքում ևս Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը բանակցությունների սեղանին եղել է հենց Արցախի հայության անվտանգ ապրելու իրավունքն իրենց ծննդավայրում»:

Հակադարձմանը՝ Ադրբեջանի կազմում դա հնարավո՞ր է, Աղաջանյանն արձագանքել է.

«Դա, ես կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի և դրան` վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։

Լրագրողի ճշտող հարցին՝ հետևաբար, երբ ասում եք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, այդ թվում՝ Արցախը Ադրբեջանի կազմում նկատի ունե՞ք, իշխանական պատգամավորը առաջարկել է այս հարցերը տարանջատել.

«Գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքով, որի ամբողջականությունը ՀՀ-ն ճանաչել է դեռ 1990-ականների սկզբին: Եվ գոյություն ունի ԼՂԻՄ-ի տարածք, որը դեռևս սովետական ժամանակներից ունեցել է որոշակի ինքնավարություն: Եվ այս տարածքում խնդիրն ի հայտ է եկել այստեղ բնակվող էթնիկ հայերի նկատմամբ՝ ազգային պատկանելությունից բխող կոնկրետ գործողությունների հետևանքով, որը վերածվել է լայնամասշտաբ պատերազմի, և որի հետևանքներն ապրում ենք այսօր»:

Ըստ Աղաջանյանի՝ այս խնդիրը պետք է լուծվի միջազգային նորմերի և սկզբունքների համաձայն, որի շուրջ ՀՀ-ն ունի իր դիրքորոշումը և բանակցությունների սեղանին պատրաստվում է այն հստակ ցույց տալ:

«Բանակցություններ պետք է սկսել, այդ թվում՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցով»,- շեշտել է նա և հավելել, որ բանակցությունների ընթացքում պետք է հստակեցնել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը:

Աղբյուրը՝ News.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ