11 02 2022

Հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ. Ռուբեն Մելիքյան

Հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ. Ռուբեն Մելիքյան

Շատ հետաքրքիր արձագանքներ եղան ԵՄ պատվիրակության առջև երեկվա մեր հանրահավաքին. այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այս պահին կսահմանափակվեմ նախօրեին հնչեցրածս հանրահավաքի պահանջագրի տեքստը հրապարակելով ու վերահաստատելով.

«ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
2022 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության առջև անցկացված բողոքի հանրահավաքի մասնակիցների անունից

Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր Միացյալ Եվրոպան մեր երկրում ներկայացել է առաջին հերթին արժեհամակարգային օրակարգով։ Դա՛ է եղել Հայաստանյան հասարակության լայն ընկալումը։ Այդ օրակարգը հիմք ընդունելով՝ տարիներ ի վեր Եվրոպական շատ կառույցներ և հատկապես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն իրենց իրավունք են վերապահել գնահատականներ տալ մեր երկրում ընթացող տարաբնույթ իրադարձություններին, և այդ միջամտությունները շատերիս կողմից համարվել են լեգիտիմ, քանի որ Եվրոպան հանդես է եկել ժողովրդավարական արժեքների անկողմնակալ պահապանի դերում։

Մինչդեռ վերջին շրջանում ԵՄ պատվիրակությունը լռության է մատնում ժողովրդավարության՝ բոլորիս հայտնի չափորոշիչներից աղաղակող շեղումները։ Վիրավորանքի անընդունելի քրեականացումը, ընդդիմադիրների նկատմամբ լայնածավալ հետապնդումները, ներառյալ՝ անհիմն կալանավորումները, և վերջապես դատական իշխանության անկախությունը զրոյացնող գործընթացների նոր ալիքը այդ աղաղակող շեղումների առավել տեսանելի մասն են։ Մինչդեռ Եվրոպական արժեհամակարգից այդ ակնհայտ շեղումներին զուգընթաց՝ ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից մենք լսում ենք ոչ թե դատապարտման, այլ գովեստի խոսքեր։

Մենք հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ։ Մենք վստահ ենք, որ եթե ԵՄ պատվիրակությունը եվրոպական մայրաքաղաքներում անկողմնակալ ձևով ներկայացներ ժողովրդավարական արժեքներն օրեցօր ավելի համարձակորեն ոտնահարող ՔՊ-ական իշխանության վարքագիծը, այդ թվում՝ Եվրոպական Միության առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունների տապալումները, ապա Հայաստանյան ներկայիս իշխանությունները ստիպված կլինեին զսպել բռնաճնշումների ախորժակը։ Եթե ԵՄ պատվիրակությունը Եվրոպական մայրաքաղաքներում ներկայացներ նախորդող փորձով պայմանավորված՝ Եվրոպայից մեր ունեցած ու անտեսվող ակնկալիքները, դրա արդյունքում օրեցօր աճող հակակրանքն ու երեսպաշտության մեղադրանքները, ապա Եվրոպան իր խոսքը կասեր։ Դրա փոխարեն ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ-ական ղեկավարության փիառով՝ կամա թե ակամա ստանձնելով քաղաքական հետապնդումների ու իրավունքի այլ ոտնահարումների համար պատասխանատվության զգալի բաժնեմաս։

Վերոգրյալի հիման վրա՝ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունից (EEAS) պահանջում ենք՝
-

Վերանայել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

- ԵԽԽՎ 1900 (2012) բանաձևում ներկայացված չափորոշիչների հիման վրա քննարկման առարկա դարձնել ՔՊ-ական իշխանության քմահաճույքով ազատությունից զրկված անձանց քաղբանտարկյալ ճանաչելու հարցը

- Վճռականորեն դատապարտել խոսքի ազատության, դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառավարման, անձնական ազատության իրավունքի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների տևական ոտնձգությունները» »,- գրել է իրավապաշտպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ