Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու ճանապարհների ապաշրջափակման գործընթացին:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման ու վերականգնման մասին, ձևավորվել է աշխատանքային խումբ երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով:
«Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկու երկրների օրենսդրության ու սուվերենության շրջանակում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային ու այլ հսկողություն, նաև պետք է համաձայնեցնենք պարամետրերով, որ նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև դրանք պետք է կպնեն իրար: Այն, ըստ ության, միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու ու այս ամենը շատ կարևոր է, որ հնարավոինս արագ արձանագրենք, ստորագրվի դա, եթե կլինի այնպես, որ վավերացման անհրաժեշտություն կլինի, խորհրդարանում էլ վավերացվի», - ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է ճանապարհներին՝ Փաշինյանն ասաց.
«Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ», որովհետև այստեղ գործ ունեն հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք խաչմերուկի հետ ու դրա գործարկումը կարող է շրջադարձային լինել Հայաստանի տնտեսության զարգացման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը