09 02 2022

Դրոշի մասին օրենքում փոփոխությունը միաձայն ընդունվեց

Դրոշի մասին օրենքում փոփոխությունը միաձայն ընդունվեց

Ազգային ժողովը միաձայն` 84 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է դրոշի կիրառման շրջանակն ընդլայնել:

Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն, ինչպես նաև առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:

Առաջարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:

Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ կողմ են քվերկելու նախագծին: Ընդդիմադիր պատգամավորներն իրենց տեղից սկսեցին ծափահարել, ինչին նախագահող Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց` ինչո՞ւ ոչ ու ինքն էլ սկսեց ծափահարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ