28 01 2022

Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն․ Արթուր Վանեցյան

Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով այսօր մեկնել է դիրքեր՝ անվտանգային խնդիրներն ուսումնասիրելու, սպային և զինվորին նեցուկ լինելու համար, ուղերձ է հղել Հայկական բանակի կազմավորման տոնի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը:

Ոչ վաղ անցյալում մեզ համար այն համազգային մեծ տոն էր: Հայոց բանակը, նրա յուրաքանչյուր ծառայող իրավամբ մեծ դերակատարում է ունեցել Հայոց պետականության կերտման և պաշտպանության գործում:

Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու, գնահատելու և խոնարհվելու այն հազարավոր հայորդիների առաջ, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար, ովքեր բավականին բարդ ու դժվարին պայմաններում ծառայել են և ծառայում են մեր հայրենիքին:

Ցավոք, արդեն երկու տարի է՝ այս տոնը մեզ համար փոքր-ինչ մթագնել է. բանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած:

Սակայն ուզում եմ՝ բոլորս հստակ գիտակցենք, որ խնդիրների մեծ մասը քաղաքական են, դրանք քաղաքական ղեկավարության ապիկարության հետևանք են: Մեր բանակի, մեր զինվորի ոգին նույնն է, նրանք պատրաստ են նույն նվիրումով պաշտպանելու մեր հայրենիքը:

Մեր բանակն, այո՛, այսօր վիրավոր է, սակայն այն կա և, վստահ եմ, դառնալու է ավելի ուժեղ, ավելի մարտունակ: Առաջիկա տարիների պետական կառավարումը պետք է իրականացվի «Ամեն ինչ զինվորի համար, ամեն ինչ բանակի համար» կարգախոսով: Հակառակ դեպքում մենք այս տարածաշրջանում որպես պետություն, որպես ինքնուրույն սուբյեկտ ուղղակի այլևս ասելիք չենք ունենա: Ուստի, յուրաքանչյուրիս խնդիրն է անել հնարավոր ամեն բան բանակը վերակառուցելու, այն ավելի ուժեղ դարձնելու համար:

Հայոց բանակը վայելել է և պետք է շարունակի վայելել մեր ժողովրդի անվերապահ աջակցությունը և վստահությունը:

Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն, հավատում եմ, որ մենք առաջիկայում ևս մեր բանակով հպարտանալու բազմաթիվ առիթներ եք ունենալու:

Շնորհավոր տոնդ, Հայո’ց բանակ,

Շնորհավոր տոնդ, հա’յ զինվոր,

Շնորհավոր բոլորիս տոնը...

Հ.Գ. Այս խորհրդանշական օրը մեկնել էինք առաջնագիծ` մեր մշտական հավատարմությունը և սատարումը վերահաստատելու մեր զինվորականներին և Հայոց բանակին»,- նշված է Արթուր Վանեցյանի ուղերձում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ