28 01 2022

Գալու է օրը, երբ բանակը բարեփոխվելու է, հայ զինվորի պատիվը բարձր է լինելու, իսկ սպա լինելը՝ հպարտություն. Վահե Հակոբյան

Գալու է օրը, երբ բանակը բարեփոխվելու է, հայ զինվորի պատիվը բարձր է լինելու, իսկ սպա լինելը՝ հպարտություն. Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեր բանակը ձևավորվել է մեր նորանկախ երկրի համար կարևորագույն ու շատ բարդ փուլում, ձևավորվել է կռվի դաշտում՝ դառնալով մեր հաղթանակի ու միասնության խորհրդանիշը: 30 տարի մենք հպարտացել ենք մեր բանակով: Բանակի շնորհիվ մեզ տարածաշրջանում ամուր ու անվտանգ ենք զգացել:

Ցավոք, վերջին չորս տարիների ընթացքում ամեն ինչ արվեց բանակը թուլացնելու, հերոսներին արժեզրկելու, երկրի ամենակայուն ու կուռ ինստիտուտներից մեկը քայքայելու համար: Այսօր էլ այս գործընթացը շարունակվում է:

Մեզ տարան պարտության և այսօր փորձում են համոզել, որ պետք է աշխարհի հետ հարաբերվենք թույլի, պարտվածի, զիջողի դիրքերից: Բայց դա պետական, ազգային շահերի ոտնահարումից ու դրժումից զատ նաև ուրացում է այն սխրանքների, որ մեր զինվորները գործեցին պատերազմի օրերին:

Մեծ ցավով պետք է արձանագրենք, որ պատերազմից մեկ տարուց ավելին է անցել, բայց մեր տղաներից ոմանք դեռ գերության մեջ են: Իսկ վերադարձածներին էլ սկզբից հերոսացնում էին, հիմա հետապնդում՝ փորձելով սեփական մեղքն ուրիշների վրա գցել:

Բայց մենք հիշում ենք ու հիշելու ենք յուրաքանչյուրի սխրանքը, խոնարհվում ու խոնարհվելու ենք մեր զոհերի հիշատակի առաջ, առողջություն ու համբերություն ենք մաղթում վիրավորներին:

Սիրելի հայրենակիցներ,

Հայկական բանակը եղել ու մնում է մեր անվտանգության հիմնական երաշխավորը: Գալու է օրը, երբ մեր ժողովուրդն ազատվելու է պատուհաս դարձած այս իշխանությունից և կրկին ոտքի է կանգնելու: Բանակը բարեփոխվելու է, հայ զինվորի պատիվը բարձր է լինելու, իսկ սպա լինելը՝ հպարտություն:

Տարիներ շարունակ հունվարի 28-ը մեծ տոն է եղել ու մեր պարտքն է անել ամեն ինչ այդ տոնը մեր ժողովրդին, մեր երկրին վերադարձնելու համար»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ