ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին.
Հարգելի հայրենակիցներ,
2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցավ Ալիև-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների հետ կանոնավոր կապ հաստատելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, և, որ Ալիևը կիրթ անձնավորություն է, որը դրական տպավորություն է թողել իր վրա։ Երկու տարի անց մենք տեսանք և մեր մաշկի վրա զգացինք այդ «կանոնավոր կապի» և «կիրթ անձնավորության» գործունեության հետևանքները. կորցրեցինք Արցախի տարածքների մեծամասնությունը, ունեցանք հազարավոր զոհեր։
4 օր առաջ ՀՀ իշխանությունները հայտնեցին ևս մեկ կանոնավոր կապ հաստատելու մասին։ Այս անգամ արդեն Թուրքիայի իշխանությունների հետ։ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը, որից հետո կողմերը հայտարարեցին, որ հանդիպումն անցել է, մեջբերում եմ, «դրական և կառուցողական» մթնոլորտում։ Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր ժողովրդի համար այդ կառուցողականը, կարծում եմ, շատերին է արդեն պարզ։ Եթե առաջին դեպքում մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ապա երկրորդն արդեն սպառնում է Հայաստանի գոյությանը։
Սիրելի հայրենակիցներ,
Ես կարող եմ շատ երկար թվարկել, թե ինչ կորուստներ է պատճառել այս իշխանությունը մեր ժողովրդին ու պետությանը։ Բայց, կարծում եմ, հիմա դրա կարիքը չկա, դրանք բոլորին հայտնի փաստեր են։ Կարող եմ ասել միայն, որ այդ գործընթացը երբեք կանգ չի առել։ Այն նույնիսկ չի դանդաղել և նույն տեմպով շարունակվում է հենց այս պահին։ Հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը, որտեղ ամեն ինչ վաղուց արդեն որոշված է, դրա ապացույցներից մեկն է։ Ես ավելի քան համոզված եմ, որ շուտով այս կառավարությունն այս դահլիճ կբերի Անկարայում մշակված հաշտության պայմանագիրն ու իր կոճակ սեղմողների օգնությամբ կփաթաթի այն մեր ժողովրդի վզին։ Դա կլինի մեր պետականության կործանման վերջին արարը։
Հարգելի հայրենակիցներ,
Սա ապոկալիպտիկ կանխատեսում չէ։ Ոչ էլ ձեզ ահաբեկելու փորձ։ Ցավոք, սա այն իրողությունն է, որի հետևանքները հեշտ հաշվարկելի են։ Իմ ելույթի նպատակը սոսկ սպասվող վտանգների մասին բարձրաձայնելը չէ: Ընդունեք սա որպես զգոնության կոչ։ Որպես գործելու կոչ։ Որպես կանխելու փորձ։ Որպես պայքարը նոր թափով, նոր ոգով շարունակելու պատրաստակամության կոչ: Այո, ես գիտեմ, որ մեր քաղաքացիներից շատերը երկար են պայքարել կործանարար այս ընթացքը կասեցնելու համար։ Մեր ժողովրդի մեծ զանգվածներ փողոց են դուրս եկել, բազում զրկանքներ կրել, զոհողությունների գնացել, ի վերջո՝ ամեն ինչ արել, որպեսզի այս ամենը տեղի չունենա։ Բայց, սիրելի ժողովուրդ, մեր հիմնական խնդիրը դեռ լուծված չէ։ Հայաստանն ու Արցախը շարունակում են վտանգված մնալ։ Հոգնելու, կանգնելու, նահանջելու, համակերպվելու ոչ մի իրավունք չունենք։ Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը։ Հակառակ պարագայում կկորցնենք ամեն ինչ։ Ամեն, ամեն ինչ։
Ո՞րն է այդ պայքարի ուղին և ստեղծված իրավիճակից ելքը։ Եթե կարճ, ապա դիմադրությունը։ Դի-մա-դրու-թյուն։ Սա լոկ բառ չէ։ Սա պետք է դառնա մեր հավատամքը, մեր ապրելակերպը, մեր առօրյան, մեր ամենօրյա գործունեության մի մասը։
Դիմադրություն, որը կկանխի Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումը:
Դիմադրություն արտաքին թշնամիներին։ Դիմադրություն մեր պետությունը կազմաքանդող ուժերին, դիմադրություն մեր հայրենիքը հերթական անգամ պարտության և նոր աղետի տանող օրակարգերին:
Կազմակերպված դիմադրություն։ Համազգային դիմադրություն:
Օրվա իշխանությունները պետք է տեսնեն և հասկանան, որ կեղծ, անհեռանկար և պատեհապաշտ լոզունգների տակ՝ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունեն:
Դիմադրությանը պետք է միանան բոլորը՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, կուսակցական պատկանելությունից: Սա՛ է պայքարը հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ մարդու և հայ ազգի:
Եվ, իբրև նոր տարվա առաջին նստաշրջանի առաջին հայտարարություն, մաղթում եմ մեր հայրենակիցներին, որ 2022 թվականը լինի արժանապատվության վերականգնման տարի:
Շնորհակալություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը