Yerkir.am-ը գրում է․ Հայաստանում միայն Փաշինյանը և իր քաղաքական թիմն են վախենում Ալիևից. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը` անդրադառնալով Բաքվի բռնապետի ասուլիսում հնչեցված ուղերձներին:
Ո՞ւմ էին ուղղված այդ ուղերձները. ըստ ադրբեջանագետի` Ալիևն իր ասուլիսում սպառնում էր Փաշինյանին, քանի որ գիտի՝ Փաշինյանը ցանկացած քաղաքական պատվեր կատարելու է։
«Փաշինյանը բացարձակապես ի վիճակի չէ, ունակ չէ պայքարել, լուծել լուրջ խնդիրներ։ Նա խնդիրներ ծածկադմփոց անելու մեջ հանճար է, և դա տեսանք ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում: Այս ամենն Ալիևը շատ լավ հասկանում է և սեղմում է այն կոճակներին, որոնք կդրդեն Փաշինյանին՝ պոչը ծալած կատարել ցանկացած պահանջ, որը բխում է Ադրբեջանի շահերից` վնասելով ոչ միայն ՀՀ շահը, այլև վտանգելով ՀՀ անվտանգությունը և գոյատևումը»,- ասաց ադրբեջանագետը։
Ալիևը ասուլիսի ժամանակ կորցրեց իր ինքնատիրապետումը, երբ հիշեց Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին։ Պարտվածի հոգեբանությունը նոր-նոր թոթափած Բաքվի բռնապետը հայտարարում է, որ Ղարաբաղյան պատերազմը Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի պարտությունն էր, քանի որ Ն. Փաշինյանը երկու տարվա ընթացքում չկարողացավ բանակ ստեղծել։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը բացատրում է, որ, ինչպես Փաշինյանն է վախենում Ալիևից, այնպես էլ Ալիևը կաթվածահար էր լինում Ռ. Քոչարյանից և Ս. Սարգսյանից։
«Ալիևն անձնապես առնչվել է թե՛ Քոչարյանի, և՛ թե Սարգսյանի բազկի ուժին։ Դա է պատճառը, որ Ալիևի համար կարևոր է, որ ինքը «հաղթել է» մարդկանց, որոնցից նա սարսափահար է լինում։ Ալիևը սարսափելի բարդույթավորված, ծանր հոգեբանական տրամվաներ ապրած մարդ է, ով տասնամյակներով լինելով տարածաշրջանի ամենահարուստ մարդը, չէր կարողանում փոքր, կիսաաղքատ պետության հաղթել։ Եվ մեկ էլ գալիս է իր նման, իրենից էլ ապիկար մեկը, որին նա կարող է ոտնատակ անել և դրանով ինքնահաստատվել»,- նկատում է ադրբեջանագետը։
Բանախոսը նշում է, որ, անգամ Փաշինյանի անգործության և ապիկարության պայմաններում, Ալիևը չի հաղթել պատերազմը։
«Եթե չլիներ Թուրքիայի և Իսրայելի աջակցությունը, եթե չլիներ միջազգային հանրության լռությունը, Ալիևը հաղթանակը իր ականջների պես չէր տեսնի»,- ասաց ադրբեջանագետը։
Հարցին` ինչո՞ւ է մեր ժողովուրդը շարունակում հանդուրժել իր իսկ պետության ու անկախության ոչնչացման գործընթացը, երբ ներկայիս իշխանությունը ցանկություն չունի պաշտպանել Հայաստանի շահը, ադրբեջանագետը ասաց, որ այս իշխանությունները բացարձակապես պատկերացում չունեն, թե ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության շահ։
«Տրամաբանական է, որ նրանք չեն պատրաստվում պաշտպանել այն, ինչի մասին պատկերացում չունեն։ Իրենք գործում են հակապետական, հակաժողովրդական ոգով. մարդիկ նպատակադրված ոչնչացնում են մեր պետականությունը։ Իսկ այն հարցին` ինչու՞ է մեր ժողովուրդը հանդուրժում, որովհետև մեր ժողովուրդը բարոյազուրկ ամբոխի է վերածվել, որին խաբեցին, համոզեցին, ասեցին` մերժեք Սերժին, որ լավ ապրեք։ Մերժման դիմաց եկավ պատերազմ, տնտեսական անկում, աղքատության էլ ավելի մեծացում։ Եվ հիմա ժողովուրդը զբաղված է իր օրվա հացի փնտրտուքներով։ Լուծում է շատ հարցեր, որոնք պետականության հետ որևէ աղերս չունեն»,- եզրափակեց բանախոսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը