30 12 2021

ՀՀ-ում աշխատատեղերի ցուցանիշը իշխանությունը ներկայացնում է ռեկորդ, իսկ միջազգային զեկույցները՝ հակառեկորդ

ՀՀ-ում աշխատատեղերի ցուցանիշը իշխանությունը ներկայացնում է ռեկորդ, իսկ միջազգային զեկույցները՝ հակառեկորդ

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀՀ-ում աշխատատեղերի մասին՝ ասելով, որ պատմական մաքսիմում ենք արձանագրել աշխատատեղերի առումով: Նա դիմեց ՊԵԿ ղեկավարին, որ վերջինս թվեր ներկայացնի: Ռուստամ Բադասյանն էլ նույն աննախադեպ գնահատմամբ ներկայացրեց հետևյալ պատկերը.

«Ունեցել ենք 654 հազար աշխատատեղ նոյեմբերին, Ձեր նշած ռեկորդային թիվը, նաև միջին ամսական ցուցանիշ ենք ունեցել, 2021-ին այն եղել է 634 հազար, իսկ 2020-ին այդ ցուցանիշը եղել է  եղել է 609 հազար, 2019-ին՝ 602 հազար: Միջին ամսական եկամուտները ևս ունենք, դեկտեմբերը ներառված չէ, մեկ աշխատատեղի գծով միջին աշխատավարձը կազմել է 214 հազար դրամ, 2020-ին՝ 203 հազար էր, 2019-ին 190 հազար:

Այսինքն՝ 2021-ին ռեկորդային ցուցանիշներ են եղել աշխատատեղերի և աշխատավարձերի առումով»:

Հիշեցենենք, որ ընդամենը երեք օր առաջ հրապարակվել էին Աշխատանքի միջազգային կազմակերպության և Համաշխարհային բանկի տվյալները: Դրանց համաձայն՝ Հայաստանը գործազրկության մակարդակով նախկին ԽՍՀՄ տարածքում հակառեկորդ է սահմանել։

Հայաստանը 2020 թվականին գրավել է 7-րդ տեղն աշխարհի այն երկրների շարքում, որտեղ գործազուրկ է ընդհանուր բնակչության առնվազն 20,2 տոկոսը։ Նախկին խորհրդային հանրապետություններից երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղ գործազուրկ է բնակչության 12,1 տոկոսը։ Ապա գալիս է Ուկրաինան՝ 9,5 տոկոս ցուցանիշով։ Ադրբեջանում գործազրկության մակարդակը 6,3 տոկոս է, Ռուսաստանում 5,7 տոկոս։ Ամենաքիչ գործազուրկներն ունի Թուրքմենստանը՝ 4,4 տոկոս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ