Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում Փաշինյանը ոչ միայն ավիրեց բանակցային գործընթացի հայանպաստ հիմքերը, այլ բավականին տհաճ ուղերձներ հղեց Ադրբեջանին, միջնորդ կողմերի և որ ամենացավալին է՝ Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանին և միջնորդներին առ այն, որ Արցախի հարցն իր օրակարգում այլևս գոյություն չունի և այդ թեմայով հետաքրքրված կողմերը կարող են խոսել Ռուսաստանի հետ, իսկ արցախցիներին բաց տեքստով ասեց՝ ով, ինչպես կարող է թող «իր գլխի ճարը տեսնի»։
Որքան էլ փաշինյանական իշխանությունը ճարպկորեն դուրս է մղում Արցախի հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի, հայկական քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու պարզապես հայի տեսակի պահպանությամբ և այս տարածաշրջանում գոյությամբ շահագրգիռ բոլոր հայերի խնդիրը պետք է լինի Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների գոյության կռիվը պահել համահայկական օրակարգում ու ճանապարհներ փնտրել 3 տասնամյակ առաջ հռչակված մեր ծրագրերի և նպատակների իրագործմանը։
Արցախում ապրող մարդը պետք է շատ հստակ իմանա, որ մենք նրանց երբեք մենակ չենք թողնի՝ ինչ էլ լինի, ով էլ իշխանության լինի։
Եվ ամենակարևորը՝ համընդհանուր ջանքերով, համահայկական ռեսուրսների մոբիլիզիացիայով պետք է սահմանել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու շարժվել այդ տրամաբանության ներքո»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը