ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել
«Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, չնայած իշխանության գործադրած խայտառակ ճնշումներին, տեղերում հեղինակություն վայելող գործիչների ահաբեկմանն ու քրեական հետապնդումներ սկսելու սպառնալիքներին, ոչ միայն չարդարացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորման ակնկալիքները, այլև զրկեցին շատ համայնքներում տեղական իշխանություն ձևավորելու հնարավորությունից: Ընտրությունների ընթացքում չկարողանալով ամբողջովին ազդել քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա՝ իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ գործի դնելով իրենց կամակատար դարձած իրավապահ համակարգը։
Այս պահին քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորող, ինչպես նաև դրանցում ընդգրկված թեկնածուների վրա, մասնավորապես՝ այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր դաշինքները հայտարարել են կոալիցիաներ ստեղծելու և միասնաբար հայմայնքային իշխանություն ձևավորելու մասին։ Ճնշումներ են գործադրվում նաև ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած անձանց նկատմամբ։
Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է: Իշխող քաղաքական ուժն այս կերպ է հակադարձում ժողովրդի կամքի դրսևորմանը: Դատապարտելով նման գործելաոճը՝ հայտարարում ենք, որ բոլոր մեթոդներով հակազդելու ենք բռնության՝ նման դրսևորումներին և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին 09.12.2021 թ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը