Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Սիսական ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։ Կալանքի որոշումը կայացրեց դատավոր Տիգրան Սիմոնյանը, որը հայտնի է որպես ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կամքը ամեն կերպ բավարարող անձ։
Հայաստանում երբ մասնագետներին հարցնում ես ամենավատ դատավորի համբավ ունեցողների անունները, թվարկած առաջին հնգյակում Արմինե Մելիքսեթյանի անունը կա։ Այս կինը բավարարում է գրեթե բոլոր միջնորդությունները, որոնց տակ իշխանության կամքը կա։ Բայց Աշոտ Մինասյանին կալանավորելու հիմքերն այնքան թույլ էին, որ ժամանակին նրան կալանավորել հրաժարվել էր անգամ Արմինե Մելիքսեթյանը։
Հիմա պատկերացրեք, թե որքան մեծ ցանկություն ունի դատավոր Տիգրան Սիմոնյանն իշխանությանը ծառայելու, որ անգամ Արմինե Մելիքսեթյանի՝ չկալանավորման որոշումներն է փոխում։
Իսկ ո՞վ է Տիգրան Սիմոնյանը: Նա 2018 թվականի մայիսի 17-ին է նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն երեք ամիս անց հրաժարական է ներկայացրել, և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նա իշխանության մոլի քարոզիչներից էր այդ ընթացքում:
Նախկին դատավոր մոլի իշխանական Սիմոնյանը այնուհետև 2020 թվականին նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, օգնել է Ռոմանոս Պետրոսյանին: Այս տարվա հունիսին ազատվել է պաշտոնից: Իսկ հոկտեմբերին նորից վերադարձել դատական համակարգ: Թե ինչ առաքելությամբ և ինչ նպատակով, թերևս արդեն պարզ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը