26 11 2021

Պայմանավորվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով ստեղծել



Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում հանդիպել և քննարկել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին։

Վերահաստատել ենք մեր հանձնառությունը հետագա հետևողական իրականացմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմանը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։

Մենք պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը։

Մենք նշել ենք ռուսական խաղաղապահ համակազմի կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Մենք պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը` Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով:

Մենք բարձր ենք գնահատել Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և ՌԴ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։

Մենք ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման շահերից ելնելով:

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ