Yerkir.am-ը գրում է.
«Ադրբեջանական պետական CBC TV հեռուստաալիքը օրերս ռեպորտաժ է պատրաստել ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից թշնամուն դավադրաբար հանձնված Քաշաթաղից ու ՀՀ Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածից, որը փաշինյանական իշխանությունների «շնորհիվ» հայտնվել է թշնամու վերահսկողության տակ:
Այսպես՝ ռեպորտաժում լրագրողը, ըստ ադրբեջանցիների մոտ ձևավորված ավանդույթի, հերթական կեղծիքներով լի մտքեր է արտահայտում` նշելով «հայկական օկուպացիայի», «օկուպացիայից ազատագրման», Արցախի և Սյունիքի որոշ հատվածների՝ ադրբեջանական լինելու վերաբերյալ:
Ուշագրավ է, որ ռեպորտաժում լրագրողն այդ տարածքների «ադրբեջանապատկան» լինելը հաստատելու համար մեջբերում է ոչ թե սեփական իշխանությունների հայտարարությունները, այլ, ինչքան էլ ցավալի է, ՀՀ իշխանությունների և այդ իշխանություններին աջակցող քաղաքացիների:
Լրագրողը նշում է, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության անդամներն անձամբ են խոստովանել, որ (իբր) այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին: Այսպես` լրագրողը մեջբերում է Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը անցակետ է դրել «իր տարածքում», այնինչ՝ այդ տարածքը հայկական է և օկուպացված թշնամու կողմից: Բացի դրանից` Փաշինյանն ու նրա թիմը Որոտանն ու Նոր Առաջաձոր գյուղերն անվանում են ադրբեջանական կեղծ անուններով:
Ցավալի է նաև, որ ադրբեջանցիներն իրենց կեղծիքները հիմնավորում են՝ նաև մեջբերելով Փաշինյանին պաշտպանող քաղաքացիներին: Կապանում տեղի ունեցած ընտրություններից առաջ Yerevan Today-ի լրագրողը մոտեցել էր բազմաթիվ քաղաքացիների, որոնք աչքի էին ընկել իրենց հակահայկական և ադրբեջանասեր կարծիքներով: Այսպես՝ քաղաքացիներից մեկը Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղադրումը և Արցախը հանձնելը բարդում էր նախկին իշխանությունների վրա: Մեկ այլ «նիկոլական» քաղաքացի էլ պնդում էր, որ Սյունիքից հանձնված մի շարք տարածքներ ադրբեջանական են եղել, դրա համար էլ հանձնվել են: Մի կին էլ Արցախն անվանում էր «փող լվալու տեղ նախկին իշխանությունների համար»:
Տխրեցնող է այն փաստը, որ ադրբեջանա-թուրքական ԶԼՄ-ները, ինչպես նաև թշնամու իշխանությունները, իրենց կեղծիքները հիմնավորելու համար արդեն գտել են հեշտ ուղի` հղում են անում իրենց հետ, հավանաբար, «արյունակցական» կապ ունեցող Փաշինյանին, նրա թիմակիցներին ու աջակիցներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը