«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ստի ու կեղծիքի իշխանությունը խաղաղության կարգախոսների ներքո 2020 թվականին բերեց պատերազմ ու պարտություն։ Մեզանից գողացան մեր հաղթանակներն ու տոնական օրերը՝ փոխարենը տալով սգո, նվաստացման, ողբի օրեր։ Հիմա մեզ կրկին խաղաղություն են խոստանում՝ «խաղաղության դարաշրջանի» տեսքով։ Սա նշանակում է նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր նվաստացում, նոր պարտություն, ինչը թույլ տալ չի կարելի։ «Պարտության» կուսակցությունը չի՛ կարող խաղաղություն ու զարգացում բերել։ Պարտության խորհրդանիշը չի՛ կարող արժանապատվորեն ներկայացնել մեր երկրի շահերը։ Հանուն սեփական շահի ու աթոռի հազարավոր մարդկանց մահվան տարած մարդը չի՛ կարող մեր պետությունը ղեկավարել։
Պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է։
«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում։
Հարգելի՛ քաղաքացի, սա արժանապատվության ու դիմադրության կազմակերպման հանրահավաք է։ Արի՛ Ազատության հրապարակ ու քո մասնակցությամբ ցույց տուր, որ մերժում ես Հայաստանի թուրքացումը, Արցախի հայաթափումը, իշխանավորների գանձագողությունը, մեր երկրի հերթական պարտությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը