29 10 2021

Սաղաթելյանն ասաց՝ փաստորեն կապիտուլյացիա է, Փաշինյանը պատասխանեց՝ փաստորեն պարտություն է․ Շարմազանովը մանրամասնում է



«Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ հրապարակեց հոկտեմբերի 12-ին և հոկտեմբերի 19-ին արտախորհդարանական ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։

Նրա խոսքով  հոկտեմբերի 12-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակը վատանում է,  Թալիշը տված է , Մատաղիսի համար մարտեր են գնում , Ջեբրայիլը տված է, Հադրութի համար մարտեր են մղվում և այլն։  Այդ պահին Շարմազանովն, ինչպես ինքն է նշում,  Փաշինյանին առաջարկել է դիմել ռազմավարական դաշնակից ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ, ինչին Փաշինյանը բացասաբար չի արձագանքել։

Այդ հանդիպմանը, ինչպես նշել է Շարմազանովը, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նույնպես իր խոսքն է ասել։

 «Կարծում եմ՝ Իշխան Սաղաթելյանը թույլ կտա, որ ես դա ասեմ․ Իշխան Սաղաթելյանը մինչև վերջ ասաց, որ մենք պատրաստ ենք ծառայել, առաջին օրվանից կամավորականներին ուղարկել ենք։ Ասաց՝ պարո՛ն Փաշինյան, հաղթանակը Ձերն է, այստեղ ոչ ոք չի եկել՝ հաղթանակի դափնիները վերցնելու, հաղթանակի դափնիները Ձերն են։ Աստված տա, ամեն ինչ լավ լինի, Դուք ասեք՝ մենք ինչո՞վ օգնենք։ Հաղթանակի դափնիները Ձերն են, բայց իմացեք, որ պարտության ժամանակ էլ պարտությունը Ձերն է»,-նշեց Շարմազանովը։

Սաղաթելյանի այս խոսքից հետո էլ Շարմազամովը Փաշինյանին ուղղել է Վլադիմիր Պուտնինի դիմելու առաջարկը և բացասական պատասխան չի ստացել։ Արդեն հոկտեմբերի 19-ին՝ արտախորհրդարանական ուժերի հետ մյուս հանդիպմանը, որին նախորդել է ԱԽ-ում քննարկումը, Փաշինյանը, Շարմազանովի խոսքով, ներս է մտել հոգեբանական ծանր վիճակում և չի թաքցրել, որ փաստացի, հայկական կողմը պարտվում է։

«Փաշինյանն ասաց, որ կա առաջարկ՝ կանգնեցնել պատերազմը, ներկայացրեց իրավիճակը, ավելին, իր խոսքերով, ինքը ընդունում էր, որ պարտություն է, որովհետև եղավ հարց՝ ոչ իմ կողմից, որ փաստորեն, պարտությա՞ն ենք գնում, և չասվեց՝ չէ։ Նա ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ունի առաջարկ՝ պատերազմը դադարեցնելու մասին»,- շարունակեց Շարմազանովը։

Նա հավելեց, որ Փաշինյանը հղում է արել «5+2»՝ «Լավրովյան պլանին» կամ դրա մոդիֆիկացված տարբերակին, որում ո՛չ Շուշին, ո՛չ Հադրութը հանձնելու մասին խոսք չկա։

Մնարամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ