11 10 2021

Ղարիբաշվիլին վերջը Էրդողանից լուր բերե՞ց Փաշինյանին, թե՞ դեռ նորություն չկա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ղարիբաշվիլին վերջը Էրդողանից լուր բերե՞ց Փաշինյանին, թե՞ դեռ նորություն չկա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու աշխատանքային այցը Հայաստան շատ աննկատ անցավ։ Կողմերը միայն կարճ հաղորդագրություն են տվել նրա այցի մեկնարկի մասին։ Իսկ թե հետո ինչ է քննարկվել, ինչ է որոշվել ու ինչ էին նախօրեին այդքան երկար «Ծիրանի» ռեստորանում նշում Փաշինյանն ու Ղարիբաշվիլին, հայտնի չէ։ Երկու երկրների կառավարությունների մամուլի ծառայությունները որոշել են լռել։

 

Մինչդեռ, պարոն Ղարիբաշվիլու այցը պետք է որ շատ բովանդակային լիներ։ Նախ, հետաքրքիր է՝ վերջը Էրդողանից լուր բերե՞ց Փաշինյանին, թե՞ դեռ նորություն չկա։ Երկրորդ՝ ավելի կարևոր հարցը վերաբերվում է այսպես կոչված «3+3» տարածաշրջանային համագործակցության նոր նախագծի հեռանկարներին։ Վրաստանի արտգործնախարարը 3 օր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համագործակցելն այդ ֆորմատում իրենց համար հեշտ չի լինի, բայց դա անհրաժեշտ է։ Ինչու՞ է անհրաժեշտ։ Ու՞մ է անհրաժեշտ։ Վրաստանին, թե՞ Թուրքիային, որն այդ նախագծի իրական ու ամենամեծ շահառուն է։

Մի քանի օր առաջ ես արդեն գրել եմ այն մասին, որ թուրք-ադրբեջանական դաշինքն ի դեմս Վրաստանի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթակ է փորձում ձևավորել։ Ղարիբաշվիլին, կարծես, հաճույքով է մտել այդ բեռի տակ։ Նա ակտիվ շփվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ ու, երևում է, արդեն իսկ շահել է բոլորի վստահությունը։

Երրորդ կարևոր խնդիրը Իրանի նախաձեռնած «Պարսից Ծոց - Սև ծով» տրանսպորտային միջանցնքն է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Ի՞նչ դիրքորոշում ունի սրա հետ կապված Վրաստանը։ Կա՞ արդյոք հստակություն։ Կկարողանա՞ արդյոք պաշտոնական Թբիլիսին դիմակայել թուրք-ադրբեջանական, նաև Արևմուտքի ճնշմանն այս նախագծի հետ կապված։

Հայաստանի և Վրաստանի կառավարությունները շարունակում են խորհրդավոր լռություն պահպանել բոլոր այս հարցերի մասով։ Միայն կենացներ ու բարեմաղթանքներ։ Մինչդեռ ակնհայտ է, որ տարածաշրջանում լուրջ վերափոխումների շրջան է, և Վրաստանն այդ ամենում մեծ դերակատարություն ունի։ Իսկ թե երբ հանրությունը կտեղեկացվի իր իսկ համար ճակատագրական նշանակություն ունեցող որոշումների ու այս գործընթացների մասին, թերևս միայն Աստված գիտե։

Վաղն էլ, ըստ որոշ լուրերի, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինին։ Օրակարգը կրկին հայտնի չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ