Հարկային ծառայությունը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2021թ. հունվար-հունիս ամիսների։ Պարզվում է՝ ցանկում մեծաթիվ են պետական կառավարման մարմինները, այն էլ՝ բարձր հորիզոնականներում։ Այս մասին Ազգային ժողովում ելույթների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«1000 խոշորների ցանկում 40-րդը ազգային անվտանգության ծառայությունն է։ 41-ը պետական եկամուտների կոմիտեն է, 79-ը՝ դատական դեպարտամենտը, վարչապետի աշխատակազմը 102-րդն է, ոստիկանությունը՝ 151-ը, ոստիկանության զորքերը՝ 158-ը, ճանապարհային ոստիկանությունը՝ 164-ը։ Դատախազությունը 182-րդ հորիզոնականում է, ՊՊԾ-ն՝ 331։
Կարևոր բան. պետական կառավարման մարմինների վճարածը 95 տոկոսով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձեր և մեծ թվակազմ է վկայում։
Ազգային անվտանգության ծառայությունը վճարել է 2 միլիարդ դրամ եկամտահարկ։ Այսինքն՝ այդ մարմինը վճարել է մոտ 10 մլրդ դրամ կամ 21 մլն դոլար աշխատավարձ։
Մինչև 2019թ. ազգային անվտանգության ծառայությունը չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020-ից։
Փաստորեն Ազգային անվտանգության ծառայությունը խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո։ Այն այդ մարդու իշխանությունը պահելու հենարանն է՝ մյուս ուժային կառույցների հետ։ Պատվաբեր գործ չէ»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը