29 09 2021

Անդրանիկ Քոչարյանն իրավաբանությունից բոբիկ է. Hraparak.am

Անդրանիկ Քոչարյանն իրավաբանությունից բոբիկ է. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Պետական համակարգում աշխատանքի ոչ փոքր փորձ ունեցող Անդրանիկ Քոչարյանը, որ հիմա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում հայտարարել է՝ «առաջիկայում նախատեսվում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որով նույն թեկնածուի երկու անգամ առաջադրվելու եւ չընտրվելու դեպքում խմբակցությունը պետք է առաջադրի մեկ այլ թեկնածուի»: Մեջբերումը՝ ըստ ԱԺ պաշտոնական կայքի: Սա նշում ենք մեր իսկ ապահովության համար, որ թավշյաները իրենց հատուկ վարքուբարքով չփոխեն կայքում տեղադրված տեքստն ու մեզ մեղադրեն ապատեղեկատվություն տարածելու մեջ:

Անդրանիկ Քոչարյանի սույն «բյուրեղյա երազանքի» իրականացման միակ նպատակն այն է, որ «Հայաստան» դաշինքից Արթուր Ղազինյանը չընտրվի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Պարտությամբ հպարտները համառորեն մերժում են նրան, «Հայաստան» դաշինքը համառորեն նրան է թեկնածու առաջադրում: 

Հիմա գլխավորը. եթե իշխող, թավշյա, պարտությամբ հպարտ ուժի ներկայացուցիչ ըստ ԱԺ պաշտոնական կայքի` իրավաբան, Անդրանիկ Քոչարյանը իրոք ուզում է սահմանափակել նույն մարդուն նույն պաշտոնի համար թեկնածու առաջադրելու հնարավորությունը, ապա նա չի կարդացել ՀՀ սահմանադրությունը եւ օրենսդրությունից տգետ է: Ահա ասվածի ապացույցը:

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Մարդու իրավական վիճակը նրա իրավունքների եւ պարտականությունների ամբողջությունն է: Այսինքն, եթե մեկը (այս դեպքում՝ Արթուր Ղազինյանը) իրավունք ուներ անվերջ առաջադրվել թեկնածու, ապա եթե անգամ պարտությամբ հպարտները փոխեն օրենքը, Արթուր Ղազինյանի համար այս հարցում բան չի փոխվելու, անվերջ առաջադրվելու նրա իրավունքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով: Այդ փոփոխությունը կարող է տարածվել ապագա խորհրդարանի եւ հանձնաժողովների ղեկավար պաշտոնների ապագա ընտրությունների վրա:

Տեսնես պարտությամբ հպարտների մեջ կա՞ գոնե կիսագրագետ մեկը, որ թիմին բացատրի սա ու հրաժարվեն անօրինական օրենսդրական փոփոխություններ անելուց:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ