Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի ներկայացմանը:
«Ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու», - ասաց նա:
«Մեզ համար չափազանց կարևոր է երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի ու Իրանի հետ, այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը, այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, որ Ադրբեջանն էլ ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում:
«Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու օրակարգը ու շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ», - ասաց նա:
Նա հայտարարեց, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցին անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը:
Փաշինյանն ասաց, թե այդ հայտարարություններում տեսնում է հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:
«Մենք պատրաստ ենք նման խոսակցության», - հայտարարեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը