01 09 2021

Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակն իսկապես մտահոգիչ է, թեև նա ցույց էր տալիս, թե ամեն ինչ նորմալ է․ Թովմասյան

Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակն իսկապես մտահոգիչ է, թեև նա ցույց էր տալիս, թե ամեն ինչ նորմալ է․ Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ այցելել է պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված էր տարել հենց կալանավայրում, որից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։

Yerevan.Today-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասներ ներկայացրեց Չարչյանի առողջական վիճակից։

«Պարոն Չարչյանի առողջական վիճակն իսկապես մտհոգիչ է, նա թեև արտաքնապես ցույց էր տալիս, որ ամեն ինչ նորմալ է, բայց ակնհայտ էր, որ վատառողջ է։ Բժիշկները ասացին, որ դեռ երկար կպահեն, որ կազդուրվի, նոր հետ կուղարկեն կալանավայր»,- պատմեց Թովմասյանը։

Պատգամավորը նկատեց, որ բազմաթիվ համազգեստավոր տղաներ հսկել են հիվանդասենյակը․ «Այդ հսկողությունը կարծում եմ նրա համար էր, որ պարոն Չարչյանը չփախչի հիվանդանոցից։ Դա աբսուրդ է»։

Թովմասյանը նշեց, որ Արմեն Չարչյանը առողջական նման վիճակում գտնվելով էլ մտահոգված էր երկրում ստեղծված իրավիճակով, մարտահրավերներով, որոնց առջև կանգնած է ՀՀ-ն և իր կարիքն ունեցող հիվանդներով։

«Ինձ համար տարօրինակ էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված հայտնի բժիշկը կալայնավորվում է, առանց խորհրդարանի համաձայնության, առանց դատախազի խորհրդարան գալու պայմաններում, մինչդեռ օրենքի հստակ պահնաջն է, որ պատգամավորների կալանքի վերաբերյալ  քրգործերի հարուցման մասով անհրաժեշտություն կա հաղթահարել պատգամավորական անձեռնմխելիությունը և դրա համար դատախազը պետք է խորհրդարան ներկայանա և հիմնավորի գործողությունները, ինչը տեղի չի ունեցել»,- նկատեց Թովմասյանը։

Ըստ պատգամավորի, իշխանությունների նպատակն է Արմեն Չարչյանին հնարավորինս երկար կալանքի տակ պահել, թե նպատակը որն է, Թովմասյանը չի պատկերացնում, բայց վստահ է, որ անհամաչափ գործողություններ են կիրառվում բժիշկ Չարչյանի նկատմամբ։

«Ես կարծում եմ ընդդիմությունը պետք է լինի միասնական, պետք է օրենքով հասանելիք բոլոր գործիքակազմերից օգտվեն և մեր գործընկերների ազատության համար պայքարեն։ Իրավաբանական քաշքշուկները, որոնք առաջացրել են իշխանական ուժի ներկայացուցիչները, դրանք հաղթահարելով հնարավոր է հասնել լուծման, որովհետև ինչպես պարոն Չարչյանի դեպքում, այնպես էլ մյուս գործընկերների դեպքում, երբ որ ես զրուցեցի նրանց հետ, բոլորը միաբերան ասում են, որ հարուցված քրգործեը հիմնազուրկ են և դրանք շատ արագ կփլվեն դատարանում։ Ուղղակի անհրաժեշտ է  կազմակերպել այդ գործընթացը հնարավորինս շուտ»,- հավելեց պատգամավոր Թովմասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ