05 08 2021

«Պատիվ ունեմ»-ին համարում եմ ԱԺ-ում մեր բնական դաշնակիցը․ Իշխան Սաղաթելյան



« «Պատիվ ունեմ»-ին համարում եմ ԱԺ-ում մեր բնական դաշնակիցը, որովհետև մեր հայտարարած նպատակները շատ մոտ են իրար», - այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ լրագորղների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։ 

Հարցին, ըստ որի  ԱԺ նախագահը դժգոհում է թե՝  ընդդիմադիրները չեն մասնակցում հանձնաժողովների հետ կապված քննարկումներին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այլ պայմաններում գուցե քննարկեին, բայց այն պարագայում, երբ իրենց ընկերները կալանքի տակ են, երբ ամբիոնից խոսում են հանդուրժողականության մասին, սակայն շարունակում են բռնաճնշումներն իրենց գործընկերների, աջակիցների նկատմամբ, իրենք չեն կարող քննարկել պաշտոնների հարց։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև նշեց, որ իրենց համար կարևոր կլինի, եթե ստեղծվի Արցախի հարցերով հանձնաժողով, որի նախագահը լինի հենց ընդդիմությունից։

«Եթե իշխանությունն իր պատկերացումներով ձևավորի Արցախի հարցով հանձնաժողով, մենք դրա գործունեությունն ի սկզբանե ոչ արդյունավետ կգնահատենք․․․ Չի կարող իշխանության կողմից ստեղծվել հանձնաժողով, որը կքննի հենց այդ իշխանության գործունեությունը։ Մենք ներկայացնելու ենք մեր պատկերացումները, մեր պայմաններն ու առաջարկությունները։ Գտնում ենք, որ այդ հանձնաժողովը պետք է լինի լիարժեք անկախ, ինքնուրույն, որ իրականացնի համակողմանի և ամբողջական ուսումնասիրություն։ Հակառակ պարագայում դա կլինի հերթական ձևական քայլը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս նշեց, որ այդ հանձնաժողովը պետք է տա բազմաթիվ հարցերի պատասխաններ, ընդ որում ոչ միայն պատերազմի շրջանում, այլև դրանից առաջ։ Նրա խոսքով կարևոր է իմանալ, թե ինչ կարող էր անել իշխանությունը պատերազմը կանխելու համար, որ չի կանխել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ