02 08 2021

Կամ ուզում են ազդել ընդդիմության նյարդերի վրա, կամ սարսափած են ընդդիմությունից․ Վանեցյան



Ազգային ժողով գալով չենք հրաժարվել մեր հիմնական պահանջից՝ այս իշխանություններին րոպե առաջ հեռացնելուց։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, Ազգային ժողովը լրացուցիչ հարթակ է, լրացուցիչ գործիք է, որն օգտագործելու են իրենց նպատակին հասնելու համար։

«Մեր երկիրը չի գտնվում նորմալ վիճակում։ Մենք չունենք իշխանություն, որը կարող է դիմակայել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին։ Երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է, եթե իշխանությունը չի կարողանում  ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն խոսոտվանի  և հեռանա»։

Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն հայտարարել է, որ մտադիր է 44-ճրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել, որին կներգրավվեն նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերի ներկայացուցիչները, Վանեցյանը նշեց․

«Քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է. ուղղակի ծիծաղելի է, որ իշխանությունը ստեղծի քննիչ հանձնաժողով: Այդ ինստիտուտը ստեղծվել է ընդդիմության համար, որպեսզի ընդդիմությանը կարողանա այս կամ այն հարցի շուրջ իրականացնել քննություն: Իշխանությունը քննիչ հանձնաժողով ստեղծելով իրեն դնում է անհարմար վիճակում, որովհետև իշխանությունն ունի դատախազություն, ԱԱԾ,  ՀՔԾ, Քննչական մարմիններ: Այսինքն այդ բոլոր մարմիններն անգործունակ են, և հիմա պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը օժտված չէ որևէ լուրջ լիազորությա՞մբ: Սա շարքային պոպուլիզմ է, որով փորձում են մաքրել իրենց մեղքերը»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ