Հուլիսի 20-ին Մոսկվա է ժամանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հիմնական ուշադրությունը կհատկացվի Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործմանը։
Այցը պատահական չի նախատեսվել հենց հիմա, երբ իրավիճակը հակամարտության գոտում կտրուկ սրվել է, գրում է ռուսական «Коммерсантъ» հայտնի պարբերականի քաղաքական մեկնաբան Մաքսիմ Յուսինը:
«Ադրբեջանի նախագահի այցը Մոսկվա տեղի է ունենում այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի մասին ինչ-որ ժամանակ չէին հիշում, կրկին տեղ է գտնում քաղաքական լրահոսում։ Սադրանքներ, փոխհրաձգություններ շփման գծում, սպանվածներ և վիրավորներ, բայց ամենակարևորը ՝ վերջին օրերին ինչպես Երևանից, այնպես էլ Բաքվից հնչող ավելի կոշտ հայտարարություններ ։
Անդրկովկասում սրացումը Մոսկվային այժմ ամենաքիչն է հարկավոր։ ՌԴ-ն խնդիրներ ունի նախկին Խորհրդային Միության այլ «թեժ կետերում», հատկապես հաշվի առնելով Աֆղանստանում տիրող իրավիճակը եւ թալիբների մուտքը Կենտրոնական Ասիայի երեք պետությունների հետ սահման:
Բաքուն, սակայն, միանգամայն հնարավոր է, ունի իր տրամաբանությունը։ Այնտեղ կարող էին գալ այն եզրակացության, որ ավելի լավ է երկաթը տաք-տաք ծեծել , օգտագործել առավելագույնս նախորդ հաղթանակի պտուղները, ջարդել թշնամուն, քանի դեռ նա թույլ է, եւ քանի դեռ Կրեմլի ուշադրությունը շեղված է այլ խնդիրների վրա:
Ադրբեջանցիներն ակնհայտորեն չեն ցանկանում սառեցնել Ղարաբաղյան հակամարտությունը։ Նրանք ձգտում են լուծել Ստեփանակերտի եւ Նախիջեւանի միջանցքի խնդիրը այստեղ եւ հիմա։
Մոսկվան ունի իր տրամաբանությունը և իր հաշվարկները։ Ռուսաստանում ելնում են նրանից, որ անցյալ տարվա նոյեմբերյան համաձայնագրերը կգործեն եւս 4,5 տարի, որոնց ընթացքում տարածաշրջանում կգտնվեն ռուս խաղաղապահները, եւ որ շտապել, սրել իրավիճակը պետք չէ ։ Հարց է սակայն՝ կհամաձայնե՞ն արդյոք այդ մոտեցմանը Բաքվում։ Եվ արդյո՞ք Վլադիմիր Պուտինը բավականաչափ ծանրակշիռ փաստարկներ կգտնի Իլհամ Ալիևին համոզելու գոնե մի փոքր մեղմել խանդավառությունը և սզպել ախորժակը»,- գրում է թերթը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը