Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի եմ քվեարկել, ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Լրագրողների առաջին հարցին՝ որքա՞ն է գնահատում իր շանսերը, Քոչարյանը արձագանքեց. «Կասկածո՞ւմ եք»։
Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է: Հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, դեռ չենք խոսում: Եկեք դա չքննարկենք»:
«Հայաստան» դաշինքի նկատմամբ իրականացվող հակաքարոզչության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ դա նախևառաջ օրենքի կոպիտ խախտում է։
«Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն համացանցում կադրեր կան։ Եվ այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե դա ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ։ Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը