16 06 2021

Որքան էլ իշխանությունը մանի կաշա ուտի, այնքան ասֆալտ չի փռի, որքան փռվել է իմ օրոք․ Ռոբերտ Քոչարյան



Այս իշխանությունն իր բազմաթիվ սխալների պատճառով զրոյացրել է օտարերկրյա ներդրումների մակարդակը Հայաստանում, ինչն էլ ազդել է աշխատատեղերի ստեղծման վրա։ Այս մասին Մարալիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք վստահ ենք, որ այս ոլորտին զարկ ենք տալու և նոր տեմպ ենք հաղորդելու։ Երբ ես նախագահ էի դարձել ՀՀ-ում, կուտակային ներդրումների ծավալը եղել է ընդամենը 125 մլն դոլար։ 10 տարի հետո այդ թիվն անցել է 4 մլրդ դոլարը։ Իսկ ամեն մի միլիոնի հետևում աշխատատեղեր են, սոցիալական հարցեր, աճող աշխատավարձեր», - նշեց նախագահը։

Անդրադռանալով իշխանության կողմից ասֆալտապատման շահարկմանը, երկրորդ նախագահը նշեց․ «Որքան էլ իշխանությունը մանի կաշա ուտի, այնքան ասֆալտ չի փռի, որքան փռվել է իմ օրոք։ Իշխանությունները սիրում են խոսել ասֆալտի մասին։ Սկսեցին հայտարարությունից այն մասին, թե ինչպես են մարդկանց փռելու ասֆալտին։ Հետո սկսեցին խոսել անմիջապես ասֆալտ փռելու մասին։ Որքան էլ որ մանի կաշա ուտեն, այնքան ասֆալտ չեն փռի, որքան փռվել է իմ նախագահության օրոք։ Ես ընդհանրապես թուլություն ունեմ շինարարության հանդեպ։ Երբ աչքերիդ առջև շենք է բարձրանում։ Կյանքը շարժում է։ Հեծանիվն ու մոտոցիկլը աշխատում են այդ սկզբունքով, և կյանքն էլ է այդպես։ Հենց կանգնես՝ կընկնես։ Որքան ավելի դանդաղ է շարժումը, այնքան ընկնելու շանսերը շատ են։ Պետք է դինամիկա հաղորդել մեր զարգացմանը։ Բայց պետք է իմանալ նաև դեպի ուր շարժվել, հենց դա չգիտեն իշխանությունները»,- նկատեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նկատեց, որ այն քաղաքական ուժն են, որ կարող է ապահովել երկրի անվտանգությունը, տնտեսական թռիչքային աճ, ինչն արդեն մեկ անգամ արել ենք, անելու ենք նաև երկրորդ անգամ։

«Մենք այն ուժն ենք, որ մուրճով օդ չենք թափահարելու։ Մենք շինարարություն սիրում ենք, և մուրճն օգտագործելու ենք միայն շինարարության համար։ Մենք հիստերիկ դրսևորումների կարիքը չունենք։ Իմ խորին համոզմամբ՝ հիստերիկությունը թուլության նշան է։ Նման կերպ մարդ փորձում է իր բարդույթներն ինչ-որ ձև կոմպենսացնել ճղճղալով, գոռգոռալով։ Ես 11 տարի զբաղեցրել եմ երկրի բարձրագույն պաշտոնները և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում, բայց դուք չեք գտնի մի մարդ, ով կասի՝ թե ես ձայնս բարձրացրել եմ։ Դրա հետ մեկտեղ, չի եղել որևէ հանձնարարական, որ չի կատարվել։ Մեր առավելությունը մեր կառավարչական հմտություններն ու կարողություններն են, ինչը հատկապես երևում է այս կառավարման ճգնաժամի ֆոնի վրա», - նշեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ