Այսօր Ադրբեջանում հնչած բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական պրոցեսների կոնտեքստում: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այդ տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից: Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ ունեն այս ընտրությունների կոնտեքստում, չեմ կասկածում՝ ում կցանկանային ընտրված տեսնել ՀՀ վարչապետ, իսկ սա նշանակում է, որ իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել և հայտարարություններով, և այլ քայլերով մեր ընտրական գործընթացի վրա ազդելու համար: Բանաձևը պետք է լինի այսպիսին. Երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի համար: Եթե մենք բոլոր կարողանանք այդ անկյան տակ խնդրին նայել, ապա հնարավորություն կունենաք չենթարկվել նման կարգի ազդեցություններին»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը խաղաղության քարոզ է անում՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի վերաարտադրությա՞նը, այսինքն ուղղորդո՞ւմ են հասարակությանը, Քոչարյանն արձագանքեց. «Այո, դուք չեք տեսնո՞ւմ, որ փորձում են ուղղորդել»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դելիմիտացիայի մասին փաստաթուղթը 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից և ինքը դա կստորագրի, Ռոբերտ Քոչարյանն ասաց.
«Վերջին երեք տարում դուք քանի անգամ եք լսել Հայաստանի շահերի հետ 100 տոկոսանոց համընկնելու մասին հավաստիացումներ այս կամ այն ուղղությամբ: մենք մշտապես ենք լսում նման հայտարարություններ, այդ դեպքում ինչու ենք հայտնվել այսօրվա տխուր վիճակում: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այդ հարցը պետք է ինքն իրեն տա: Ես կարող եմ միանշանակ ասել, որ որևէ մեկ քայլ, որը կբխեր ՀՀ շահերից, չի արվել այս 3 տարվա ընթացքում ընդհանրապես: Անվտանգության ոլորտում մեկ, Ղարաբաղի հարցի կարգավորման ոլորտում երկուս, և տնտեսական բարեփոխումների ոլորտում երեք, ոչ մի քայլ չի արվել: Եթե դուք գիտեք այդ քայլերի մասին, ասեք, մեկ օրինակ բերեք»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը