Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այսօրվա հոդվածին։ Գրառման մեջ ասվում է․
«Ոչմիթիզականություն… Ահա, թե ինչ ժառանգություն է ցանկանում թողնել հայ ժողովրդին Լևոն Տեր–Պետրոսյանը։ Եթե դու հայրենասեր ես, եթե պայքարում ես հայրենի հողի համար, եթե չես ուզում թշնամուն նվիրել քո եկեղեցիները, վանքերն ու պապերիդ գերեզմանները, ուրեմն ոչմիթիզական ես։ Լևոն Տեր–Պետրոսյանի ընկալման մեջ դա նույնն է, ինչ տգետը, դավաճանը, պետականակործան տականքը և այլն։ Ու հիմա նա փորձում է համոզել դրանում նաև ժողովրդին։ Որ եթե հանկարծ մեկը կանգնի ու ասի, թե Դադիվանքը պետք է հետ բերել, կամ Ոսկեպարը թուրքին չտալ, բոլորը քարկոծեն նրան ու մեղադրեն ոչմիթիզականության մեջ։
Չգիտեմ ով ինչպես կընկալի ասածս, բայց ինձ համար Լևոն Տեր–Պետրոսյան-ն շատ ավելի կեղտոտ ու ստոր է, քան բոլոր այն բացասական հասկացությունները միասին վերցրած, որ ինքը դնում է ոչմիթիզական բառի իմաստաբանական հիմքում։
Հիմա անցնեմ առավել կարևոր հարցին։ Երբ Լևոն Տեր–Պետրոսյանը մեզ վրա հասած աղետի համար փորձում է մեղադրել բոլոր բոլորին, նրա նպատակը բացառապես մեկն է՝ թաքցնել իր հոգեզավակ Նիկոլին այսպես կոչված «ոչմիթիզականների» թիկունքում։ Ուզում է մեղքը բաշխել բոլորի միջև, իսկ հետո նաև ծանրութեթև անի, թե ով էր ավելի շատ մեղավոր և ով՝ քիչ։
Նա ստում է նաև, երբ ասում է, թե հայկական պետությունները կործանվեցին «ոչմիթիզականության» հետևանքով։ Չի եղել նման բան։ Հայաստանը երբեք չի ունեցել ոչմիթիզական իշխանություն։ Բառի ո՛չ լավ, ո՛չ էլ վատ իմաստով։ Ցավով եմ ասում, բայց չենք ունեցել մենք նման իշխանություն։ ՀՀ բոլոր իշխանությունները մշտապես հանդես են եկել Արցախի հարցը փոխզիջումների հիմքով լուծելու օգտին։ Եվ գործել են այդ տրամաբանությամբ։ Համենայն դեպս, հանրային քաղաքականությունն այդպիսինն է եղել ու դա շատ խնդիրներ է ծնել մեր ժողովրդի համար։
Ես շատ եմ խոսել սրա մասին։ Կրկնվելու կարիք այս պահին, կարծում եմ, չկա։ Բայց կարճ կասեմ, որ ամեն ինչ միանգամայն այլ կերպ կլիներ, եթե Արցախի ազատագրված տարածքները բնակեցվեին ու լիարժեք յուրացվեին հայկական պետության կողմից։ Դա չի արվել և դա աններելի մեղք է բոլորիս համար։
Թե բա ոչմիթիզական… Բա երանի չէ՞ր, որ իսկապես ոչմիթիզական լինեինք ամբողջ ազգով։ Նման խնդիր դնեինք մեր առաջ ու լուծեինք այն։ Անհնա՞ր էր։ Իհարկե ոչ։ Բայց նույն Լևոն Տեր–Պետրոսյանը ժամանակին ամեն ինչ արեց, որ մենք անգամ չմտածենք դրա մասին։ Ու, պետք է խոստովանեմ, որ հասել է իր նպատակին։ Որովհետև շուրջս եմ նայում, անգամ ինձ մտերիմ մարդիկ են ասում, որ՝ դե էդ հողերը մեկ է պետք է Ադրբեջանին տայինք։ Լևոնին էլ «Պապի» են կոչում շատերը։ Ծուռ հայելիների թագավորություն...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը