13 05 2021

Անտարբեր և չլրջացող Հայաստանը ստեղծում է բոլոր պայմանները, որ Ադրբեջանն անի այն, ինչ ուզում է. Վահե Հովհաննիսյան

Անտարբեր և չլրջացող Հայաստանը ստեղծում է բոլոր պայմանները, որ Ադրբեջանն անի այն, ինչ ուզում է. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիայսնը գրել է.

«Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի ոտքերի առաջ գառ մորթող գյուղացու միջև։

Երկուսին էլ հասնում է մեկական քվեաթերթիկ, նրանց ձայները հավասար են։ Բայց եթե այդ գյուղացին ազատված է մտածելու բեռից, ապա Homo sapiens-ը պարտավոր է մտածել է ոչ միայն իր մասին, այլև՝ պետության ու այդ գյուղացու։

Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի միջև։ Homo sapiens-ը, վաղուց հրաժարական տված լինելով, երկրի համար նոր էջի հնարավորություն կստեղծեր։ Նիկոլը աշխարհընկալմամբ չի տարբերվում իր համար գառ մորթողից։

Իսկ ո՞րն է ընդհանրությունը՝ Homo sapiens-ի և Նիկոլի ընտրազանգվածի. եթե Նիկոլը վերարտադրվեց, երկուսին էլ սպասում է նույն աղետը, նույն ողբերգական ապագան։

Լրջանա՞լ, թե՞ չլրջանալ

Անտարբեր և չլրջացող Հայաստանը ստեղծում է բոլոր պայմանները, որ Ադրբեջանն անի այն, ինչ ուզում է։ Մի շարք հանգամանքներ  թշնամուն հիմք են տվել մտածելու, թե մենք այլևս անկենսունակ ենք.

  1. Նոյեմբերի 10-ից առ այսօր Փաշինյանի իշխանության գոյությունը։
  2. Իշխանության առաջարկած անթասիբ խաղաղության գաղափարի ինտենսիվ տիրաժավորումը և դրա կողմնակիցների գոյությունը։
  3. Պարտությունից և ահռելի զոհերից հետո Փաշինյանին աջակցող որոշակի ընտրազանգվածի առկայությունը։
  4. Ռեստորանային-խնջույքային կյանքի՝ շատ արագ վերսկսումը։ Կորստի գաղափարի անլիարժեքությունը։
  5. Ամբողջականությունը կորցրած Հայաստան և հայ ժողովուրդ. ամեն բնակավայր ապրում է իր կյանքով, իր հոգսերով ու չի ընկալում պետությունը՝ որպես ամբողջություն։
  6. Կառավարման համակարգի լիակատար փլուզումը։

Ցանկացած պետություն, եթե տեսնի իր հակառակորդի մոտ նման վիճակ, կշտապի օգտվել։ Նույնիսկ բարեկամ պետություններն են օգտվում այլ պետության անօգնականությունից, էլ ուր մնաց՝ հակառակորդը։

Մենք նեկրոֆիլի համառությամբ՝ 7 ամիս է՝ պատմության հին էջում ենք մնացել, որտեղ պարտություն է, աղետ, ողբերգություն։ Եվ դեռ քննարկում ենք հնարավորությունը՝ վստահության քվե տալու մեր այդ էջին՝ դրանով բացելով նոր աղետների դուռը։

Հայաստանում կա կենսունակ մեկ բանաձև՝ Արժանապատիվ խաղաղությունը։ Մնացած բոլորը ձևակերպումները տանում են դեպի պատերազմ ու նվաստացում։ Հայաստանի գալիք քաղաքական պետական էլիտաները պետք է ձևավորվեն այս գաղափարի տակ։ Մնացածը կամ

«սպիտակ դրոշ» է կամ գավառական հայրենասիրություն

Արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհը Հայաստանում նոր իշխանության ձևավորումն է։ Իշխանություն, որը երկրի ներսում և բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերությունների տրամաբանության մեջ կբացի նոր էջ։ Սա ընտրություն չէ անձերի, կուսակցությունների և նույնիսկ ծրագրերի միջև։ Սա ձայնի «տասովշիկների» և թիմային կապվածության ընտրություն չէ։ Սա պետության լինելու կամ չլինելու ընտրություն է։ Երկրում տագնապի աստիճանը թույլ է։ Հարյուր-հազարներով սա չենք գիտակցում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ