«Հրապարակ»-ը գրում է․
«Ֆինանսների նախարարության gnumner.am կայքում հրապարակվել է պետական գերատեսչությունների 2021 թվականի գնումների պլանը։
Մարզերի քաղաքապետարաններում իրենց գնումների մեջ շատ ավելի համեստ են գտնվել, պատրաստվում են գնել առաջին անհրաժեշտության իրեր, օրինակ՝ թղթեր, գրիչներ, արագակարեր, ախտահանող նյութեր եւ այլն, մի քանի քաղաքապետարաններ փոքր գումար են հատկացրել ծաղիկներին եւ բացիկներին։ Պատկերն այլ է քաղաքային էլիտայի գերատեսչություններում։
Թվում էր՝ պատերազմում պարտված երկրի ղեկավարությունը պետք է իրեն այս տարի մի քիչ նեղություն տար, զրկեր ճոխություններից, գումարը քչացնելով՝ հազար ու մի կարիք ունեցող երկրի խնդիրները լուծեր, բայց, արի ու տես, որ Ազգային ժողովն իրեն թույլ է տալիս գնումների պլանում նշել՝ 10 միլիոն 500 հազար դրամ խորհրդակցությունների սենյակի կահույք, մոտ 1,5 միլիոն դրամ՝ զուգարանի թուղթ, ըմպելու ջուր՝ մոտ 2,5 միլիոն, ծաղիկներ՝ 1 միլիոն, 200 հազար դրամ, կոշտ սկավառակների դրայվերներ՝ 1 մլն 200 հազար դրամ, սրանով սակայն ԱԺ-ի գնումները չեն ավարտվում, կայքից տեղեկանում ենք՝ 10 միլիոն 875 հազար՝ ուղեգորգեր, 1 միլիոն 440 հազար՝ չգազավորված հանքային ջուր, 1 միլիոն՝ օրագրեր եւ այլ շատ ու շատ ծախսեր։
Ի դեպ, ուսումնասիրելով նաեւ վարչապետի աշխատակազմի, նախարարությունների, Սահմանադրական դատարանի, մարզպետարանների եւ այլ գերատեսչությունների պլանային գնումները, Ազգային ժողովի գնումների ծավալին եւ գնին գերազանցող չկա։ Թեպետ նրանց դեպքում էլ արդարացված չեն հարյուրհազարների խմելու ջուրը, ծաղիկներն ու կոմպոզիցիաները։
Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գերծախսը, փորձեցինք ճշտել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանից, նա պահանջեց գրավոր հարցում ուղարկել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը