22 02 2021

Ինչ ցույց տվեց փետրվարի 20-ի հանրահավաքը․ 7or.am

Ինչ ցույց տվեց փետրվարի 20-ի հանրահավաքը․ 7or.am

7or.am-ը գրում է․

«Փետրվարի 20–ը պատահական չէր ընտրված։ Հանրահավաքի սկիզբն ազդարարող շեփորի հնչյունները հուշում էին այդ մասին։

Թեև նիկոլենք դիմել էին բոլոր էժանագին մեթոդների օգնությանը, այդ թվում՝ կեղծ տեղեկատվության տարածմանը, թե իբր եղանակային պայմանների պատճառով հանրահավաքը հետաձգվում է, միևնույն է հանրահավաքը բազմամարդ էր։ Մարդկանց Ազատության հրապարակ գալուն չէր խանգարել ո՛չ ձյունը, ո՛չ ցուրտը, ո՛չ կեղծիքը, ո՛չ բռնությունը։

Տարբեր գնահատականներով շուրջ 35–հազարանոց հանրահավաքը ցրեց բոլոր այն խոսակցությունները, թե իբր շարժումը մարել է։ Չկա՛ նման բան և չի՛ կարող լինել։ Նիկոլ Փաշինյանն այնպիսի վնաս է հասցրել Արցախին ու Հայաստանին, որ հազարամյակներով չի մոռացվելու, ուստի դատարկ են բոլոր այն գնահատականները, որոնք վերաբերում են հանրային դժգոհության մարելուն։

Դժգոհությունը չի մարելու, հակառակն՝ աճելու է, քանզի խայտառակ կապիտուլյացիայի թեմային ավելանում են նաև սոցիալ–տնտեսական խնդիրները։

Փաշինյանը լեգիտիմ չէ։ Պատահական չէ, որ դիմել է բոլոր իշխանություններին կից կոոպերատիվ «Գելափի» օգնությանն ու փորձում է «հարցումներով» իրեն վարկանիշ ապահովել։ «Գելափն» էլ ապահովում է․ փողին մուննաթ։ Ի դեպ, սա այն նույն «Գելափն» է, որը 2018–ի մարտ–ապրիլին հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը 70 տոկոսի չափ է։

Վերադառնալով հանրահավաքին, պետք է նկատել, որ որոշակի խզում կա հանրային ակնկալիքների ու հարթակի միջև։ Շարքերի էներգետիկան շատ ավելի բարձր է, քան սպիկերներից շատերինը։ Հանրային սպասումներին ադեկվատ խոսքի և գործողությունների պակաս կա։

Հասկանալի է, որ այս պահին գործող քաղաքական այն ձևաչափը, որ կա, այլընտրանք չունի, բայց եթե հանրային սպասումները չբավարարվեն, ապա այլընտրանքային ձևաչափի կարիք կառաջանա։

Այսօր նշանակված անհնազանդության երթը, որը մեկնարկելու է 18։00–ին Երևանի Արաբկիր համայնքի Պրահայի այգուց, ցույց կտա, թե ինչպիսի ուղղություն է վերցրել Հայրենիքի փրկության շարժումը։

Մեկ բան ակնհայտ է՝ Նիկոլը պետք է հեռացվի, և վե՛րջ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ