30 01 2021

Ռոբերտ Քոչարյանի նշած «Կոնսենսուս -1» քաղաքական ֆորմատը միս ու արյուն է ստացել․ Politik.am

Ռոբերտ Քոչարյանի նշած «Կոնսենսուս -1» քաղաքական ֆորմատը միս ու արյուն է ստացել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Հայաստանյան հանրության մեջ երկրորդ նախագահի ծավալուն հարցազրույցը բավական հետաքրքիր դիտարկումների առիթ է տվել։ Մասնավորապես, շատերը կարծում են, որ երբ նախագահ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին եւ պայքարելու ու հաղթելու է, այդ կերպ նա որոշակիորեն իրեն տարանջատել է «Հայրենիքի փրկության շարժումից» եւ գնդակը նետել Հանրապետական կուսակցության դաշտը։ Իրականում սակայն ամեն բան այդքան էլ այդպես չէ եւ նման մեկնաբանությունը, մեղմ ասած՝ ամբողջական չէ։

Քոչարյանը մասնավորապես ասել է, որ ընտրություններին պետք չէ, որ հանրությունն ու այսօրվա գործող իշխանությունը մնան մենակ, դրա համար էլ մասնակցելու են, պայքարելու են ու հաղթելու են։ Այն որ Հայաստանում արտահերթ ընտրություններ լինելու են, դա կարելի է արդեն անվիճարկելի համար։ Անվիճարկելի կարելի է համարել նաեւ, որ գործող իշխանությունը անելու է ամեն բան, որպեսզի առնվազն իր տեղը հայաստանյան քաղաքական երկնակամարում ապահովի, եթե չկարողանա էլ վերարտադրվել։

Մյուս կողմից, Հայաստանում գործող իշխանությունը իր լիդեր Նիկոլ Փաշինյանով հանդերձ, ընկալվում է ամենանեգատիվ գույներով, որպես դավաճան ու պարտության սիմվոլ։ Սրան զուգահեռ, արդեն լիովին միս ու արյուն է ստացել ու կայացել այն, ինչ Քոչարյանն ասում էր ժամանակին՝ «Կոնսենսուս -1» քաղաքական ֆորմատը, երբ բոլորը սլաքներն ուղղում են մեկ մարդու դեմ՝ Նիկոլ Փաշինյանի։ Այս ամենը նկատի ունենալով, ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու հայտարարությունը, որն արել է երկրորդ նախագահը, պետք է դիտարկել որպես «Կոնսենսուս -1»-ի տրամաբանական հանգուցալուծում, այսինքն, երբ բոլորը միավորվում են ու հեռացնում այդ մեկին քաղաքական դաշտից կամ իշխանությունից։

Այս մոտեցմամբ արդեն, կա երկու դաշտ՝ Նիկոլ Փաշինյանի դաշտը եւ Հայ ժողովրդի դաշտը եւ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով, որ մասնակցելու է ընտրություններին, գնդակը նետում է հենց Նիկոլ Փաշինյանի դաշտ։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, կամ այլ կուսակցություն այս դեպքում ինքնուրույն դաշտ չունի այլ խաղում է Հայ ժողովրդի դաշտում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի թիմի։ Ուստի բոլորը, ներառյալ նաեւ «Հայրենիքի փրկության շարժումը» այս դեպքում բնական դաշնակիցներ են՝ միավորված ընդհանուր քաղաքական հակառակորդի՝ ազգային խայտառակության մարմնացում դարձած Նիկոլ Փաշինյանի։ Սա էլ այն օրակարգը, որը Հայաստանի ներքաղաքական կյանքում այսօր տիրապետելու է եւ բոլորին մղելու է միավորվելու եւ համերաշխվելու՝ հանուն «Կոնսենսուս -1»-ի կուլմինացիայի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ