Panorama.am-ը գրում է․ «1992-ի հունվարի 28-ին ստեղծվեց Հայոց Ազգային բանակը։ Տարիների ընթացքում այն դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, դարձավ մեր պարծանքն ու ապավենը։ Հերոսական բազում էջեր գրվեցին, հրաշալի երգեր ձոնվեցին Հայոց բանակին։ ՀՀ և ԱՀ սահմաններն անվտանգ էին։ Կյանքի կոչվեց Ազգ-Բանակ կոնցեպտը, որի հաջող կիրարկման դեպքում կունենայինք ավելի հզոր բանակ ու կուռ հասարակություն։
Բայց եկավ 2018 թիվը՝ հերոսների վարկաբեկման և բանակի արժեզրկման երկու տարի ձգված ամենօրյա աշխատանքով։ Հետո պայթեց պատերազմը 2020-ի սեպտեմբերի 27-ին, և 44 օր հայ զինվորներին կորցրեցինք ոչ այնքան թշնամու ուժի, որքան հայրենական ռազմաքաղաքական ղեկավարության ապիկարության հետևանքով։ Իրականում ավելի ճշգրիտ բառ կա՝ դավաճանություն․․․ Սա երևի աշխարհի ամենից ստոր պատերազմը եղավ, քանի որ դավաճանը պետության ղեկավար հանդիսացող անձն էր։
Մութ ու անհայտ էջեր շատ մնացին այս պատերազմից հետո։ Առ այսօր անհայտ է անգամ զոհերի ստույգ թիվը։ Ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ նրա ավարտից երկուսուկես ամիս անց, դավաճանակույտը մարդկային կյանքերը դիտարկում է սոսկ կոնկրետ պահի նպատակահարմարության լույսի ներքո։
Մինչդեռ ամեն զոհված տղա մի ընտանիքի երջանկությունն էր և ապագա նոր ընտանիքի սյունը պետք է դառնար։ Ամեն մեկը իր զինվորական կարճատև ծառայության ընթացքում այնպիսի հերոսականության դրսևորեց, որ ողջ աշխարհն էր ապշած նրանց անձնազոհ խիզախությունից, համեմատում էին նրանց 300 սպարտացիների հետ։ Նրանցից յուրաքանչյուրի անունը պետք է հիշվի, եթե նույնիսկ շիրմաքար էլ չունեն։ Նրանք երբեք չպիտի մոռացվեն։
Այս տարի Հայոց բանակի կազմավորման կապակցությամբ միջոցառումներ, բնականաբար, չեն լինի։ Հույս ունենք, որ իրեն վարչապետ երևակայող դավաճանն այնքան խելք կունենա, որ պաթետիկ ուղերձներ չի հղի։ Փոխարենը՝ պարտավոր են վերջապես հրապարակել բոլոր զոհերի ստույգ թիվը անուն առ անուն։
Վաղը մյուս օրը փոխվելու է քաղաքական դասավորությունը, փոխվելու են մարդիկ, ազգադավներին փոխարինելու են հայրենասերները, և Հայոց բանակը այս տանուլ տված ճակատամարտի վերքերը սպիացնելով՝ դարձյալ ամենամարտունակը կդառնա։ Վաղ թե ուշ, դատարանում կամ ռազմական տրիբունալում այս դավաճանական պատերազմի հանցագործները կստանան իրենց պատիժը։
Իսկ այսօր անուն առ անուն պետք է իմացվեն բոլոր զոհվածները։ Պետք է դաջվեն նրանց անունները և ծննդյան տարեթվերը Եռաբլուրում կամ Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրվելիք հուշաքարին, որպեսզի նրանցից ոչ ոք չմոռացվի։ Ինչո՞ւ Ծիծեռնակաբերդում․․․ որովհետև կատարվածը ցեղասպանություն էր հայի նկատմամբ՝ իրականացված հայի ձեռքով։ Որպեսզի հետագա սերունդները երբեք չմոռանան, որ մեր ներքին թշնամին էլ կարող է թուրքի պես կոտորել։ Ոչինչ չպետք է մոռացվի։
Աստված մեզ զորավիգ լինի՝ եկող տարի Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը նշենք հաղթական տրամադրությամբ և ոգով։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը