Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների փոխայցելությունների և առանց վիզայի ռեժիմի հարցերի քննարկման համար նախ անհրաժեշտ է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջի տեղեկատվության քննարկումը, ըստ որի Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որոնց հետ Հայաստանը փոխադարձ առանց վիզայի ռեժիմ ունի, նշում է Turan-ը:
«Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է փոխադարձաբար ճանաչել և հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը»,- ասել է Աբդուլաևան՝ հավելելով , որ ներկայումս չկա երկու երկրների միջև փոխադարձ այցելությունները կարգավորող միջազգային պայմանագիր:
«Ուստի այս փուլում անհիմն է խոսել փոխադարձության հիմքով վիզաներից ազատվելու մասին»,-ամփոփել է Աբդուլաևան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը