Կարծում էի, որ Կառավարությունն առաջինը կարձագանքի նախագահի առաջարկությանը, այսինքն՝ հրաժարական կտա։ Այս մասին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հարցազրույցում նախագահը խոսել է պատերազմի, խաղաղության եւ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման տարբերակների մասին:
«Եթե դու ունես ճգնաժամ, եթե պատերազմ ես պարտվել՝ տնտեսական թե ռազմական, պետք է նորից սկսես: Հակառակ դեպքում՝ պարտությունը դառնում է սովորական, այսինքն, դու շարունակում ես ապրել պարտվածի հոգեբանության տրամաբանությամբ: Շատ հաճախ մարդիկ, եթե պարտություն են ունենում, փորձում են այդ էջը փակել եւ նորից սկսել: Իմ առաջարկը տրամաբանական է, սովորական պետական ժողովրդավարական պետության տրամաբանության մեջ է, բացարձակապես անձնավորված չէ: Խոսքը մեր երկրի եւ այն ճգնաժամային իրավիճակի մասին է, որ ունենք:
Լուծումը կազմված է հինգ պարզագույն կետերից: Առաջինը՝ ճանաչել, որ ունես ճգնաժամ, եւ, հետեւաբար, կառավարությունը պետք է հրաժարական տա: Ճիշտն ասած, այս քայլի մեջ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում:
Կարծում էի, որ կառավարությունն առաջինը կլինի, որ կարձագանքի նախագահի առաջարկությանը եւ կսկսի ձեռնարկել այն, ինչ առաջարկել էի, այսինքն՝ հրաժարական, ժամանակավոր կամ ազգային համաձայնության կառավարություն, որը դժվար է ձեւավորել, որովհետեւ այդ դեպքում ոչ միայն կառավարությունը կամ իշխող ուժը պետք է համաձայնության գա, այլ նաեւ ընդդիմությունը:
Բայց տվյալ դեպքում ընդդիմությունը մի տեղ է, կառավարությունը՝ մեկ այլ: Այսօր մենք ունենք հասարակություն, որի մի մեծ մասը լուռ է, ձայնը չի բարձրացնում, չունենք 2-3 հարյուր հազարանոց ցույցեր:
Ճգնաժամ ունենալու համար պետք չէ 2-3 հարյուր հազար մարդ փողոց դուրս գա, ուղղակի պետք է տեսնես, որ կա ճգնաժամ: Հետեւաբար, առաջին քայլը կառավարության հրաժարականն է, եւ հետո ստեղծել կառավարություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը