Անդրանիկ Քոչարյանի երեկվա ելույթը վաղվա քրեական գործի կարևոր հատորներից է լինելու։ Օր օրի թափ առնող դավաճանական վարկածի համատեքստում Անդրանիկ Քոչարյանի տեքստը բացառիկ էր իր ցինիզմով և ակնհայտորեն տպավորություն էր ստեղծվում, որ այն գրվել էր վաղուց ու այլ տեղ։
Բանակցությունների միտումնավոր փակուղի, պատերազմ, անհասականալի վարքագիծ պատերազմի ընթացքում, պարտություն, և եղբայրական Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ։
«Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես...։ Հաջորդ քայլով պետք է լինի պատասխանատվության աստիճական գիտակցումն ու ընկալումը։ Ի վերջո պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ որքան էլ դա ծանր լինի»։
Այս բառերից հետո միակ տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվի ռազմական շքերթում Անդրանիկ Քոչարյանի քայլերթը և ծնկաչոք Ադրբեջանի դրոշի համբույրը։
Պարոն Քոչարյան՝ բարոյապես և հոգեպես պարտվել ես դո՛ւ, քո՛ շեֆի հետ։ Դա եղել է անմեղսունակության, թե դավաճանության արդյունքում կպարզի քննիչ հանձնաժողովը։
Հայ զինվորը և հայ սպան ցուցադրել են բացառիկ հերոսություն, հայ ժողովուրդը 44 օր միտումնավոր խաբված լինելու պայմաներում ցուցաբերել է բացառիկ կամք ու միասնականություն։ Արցախցին անվերջ ռմբակոծության տակ 44 օր մահվանը նայել է բաց աչքերով և միայն ու միայն Ձեր իշխանության ապիկարության պատճառով էր, որ մի քանի 100 մլն արժողությամբ զենքերը չաշխատեցին։
Ապշեցուցիչ է, բայց այն պայմաններում, երբ հազարավոր մեր տղաների մարմինները դեռ չկան, երբ նույնիսկ գերիների թիվը հայտնի չէ ու թշնամին ամեն օր մեր երկրից մի կտոր է դեռ տանում, խոսել դիվանագիտական հարաբերությունների մասին։ Թշնամու պարագայում նա խիստ կառուցողական է։ Եվ քանի որ նրա գործողությունները սովորաբար ունեն սեփական բարեկեցության ենթատեքստ, գուցե Անդրանիկ Քոչարյանին էլ ասետրինայի գո՞րծն են խոստացել, դրա համա՞ր է շտապում։
Ադրբեջանի անամոթ ինցեստի այս միտումը պատահական չէ։ Օրեր առաջ էլ նույն գիծն էր տանում Նիկոլի էկոնոմիկայի նախարարը։
Գուցե հանձնարարությունն է այդպիսին, կամ պայմանավորվածությո՞ւնը։
Բայց այն, որ տեքստերը գրվում են կա՛մ ինչ-որ դեսպանատների նկուղներում, կա՛մ այլ ոչ բարեկամ երկրներում շատ հավանական է։
Տեքստերի բացառիկ անամոթությունները ստիպում են մտածել, որ դրանք նախնական սցենարի մի հատված են կամ էլ կապիտուլյացիոն թղթի բանավոր պայմանավորվածությունների հավելվածից։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը