05 12 2020

Իրավապահներին հանձնարարված է կոծկել դասալքության դեպքերը. News.am

Իրավապահներին հանձնարարված է կոծկել դասալքության դեպքերը. News.am

News.am-ը գրում է․ «NEWS.am–ի տեղեկություններով՝ Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և կապիտուլացիոն ակտի ստորագրումից շուրջ մեկ ամիս անց որևէ քրեական գործ չի հարուցվել  զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար։ Խոսքը պատերազմական գործողություններում ներգրավված կանոնավոր բանակի զինծառայողների կողմից իրականացված ենթադրյալ հանցագործությունների մասին է, որի վերաբերյալ բազմիցս խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, հայտնի համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը՝ նոյեմբերի 10–ին վարչապետը, արդարացնելով փաստաթղթի ստորագրումը, ի թիվս այլ խնդիրների մատնանշել էր դասալքության արդյունքում բանակում ստեղծված իրավիճակը։ Մեր տեղեկություններով՝ պատերազմի ողջ ընթացքում զինվորականները զեկուցագրեր են ներկայացրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու կամ դասալքության դեպքերի վերաբերյալ, որոնց սակայն մինչեւ օրս ընթացք չի տրվել։ Ավելին, պատերազմում ծանր մարտեր վարած և նվազ ռեսուրսներով բնագծերը չզիջած շատ զինվորականներ հայտարարել են, որ եթե մեղավորները չպատժվեն, իրենք խոսելու են և անուններ հրապարակեն։

Հաշվի առնելով դասալիքների և դավաճանների վերաբերյալ չփարատված կասկածները՝ NEWS.am–ը օրերս գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների մեկնարկից մինչև դեկտեմբերի 1-ը քանի՞ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու քրեական հոդվածների հատկանիշներով: Հետաքրքրվել էինք, թե նշված արարքների ենթադրյալ կատարման համար քանի՞ անձ է ներգրավվել, որպես կասկածյալ կամ մեղադրյալ, նրանցից քանի՞սն են պարտադիր ժամկետային զինծառայողներ, քանի՞սը՝ պայմանագրային զինծառայողներ, քանի՞սը՝ սպաներ, քանի՞սը պահեստազորայիններ։ Դատախազությունից նախ նշել էին, որ իրենք նման վիճակագրություն չեն վարում, ապա տեղեկացրել, որ նշված հանցագործությունների դեպքերով վիճակագրական տվյալները ներկա փուլում տրամադրման ենթակա չեն պայմանավորված հանրապետությունում հաստատված ռազմական դրությամբ և պետական և ծառայողական գաղտնիքով։

NEWS.am–ը նույնաբովանդակ հարցում է ուղարկել նաև ՀՀ ոստիկանությանն ու քննչական կոմիտեին, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ մարմինների ղեկավարներին հանձնարարվել է որևէ տեղեկություն չտրամադրել պատերազմի ընթացքում կատարված զինվորական հանցագործությունների վերաբերյալ։ Թեև պատերազմի ժամանակ դասալքության և կամ մարտադաշտը լքելու բազմաթիվ վկայություններ կան, սակայն Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին ձեռնտու չէ այս փուլում պատժել որևէ զինծառայողի կամ սպայի, քանի որ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, և առանց այն էլ պարտությունից հետո կոտրված և կազմաքանդման եզրին հայտնված զորքի շրջանում նոր դժգոհությունների ալիք բարձրանա։ Փոխարենը վարչապետն օգտագործելով  պետական ռեսուրսներն ու տեղական որոշ օլիգարների մատուցած «ֆեյքային ծառայությունները», սոցիալական ցանցերը ողողել է դավաճանների և դասալիքների մասին չփաստարկված լուրերով՝ այդ կերպ հեղինակազրկելով բանակն ու հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հազարավոր զինվորների։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ