05 12 2020

Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան. News.am

Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան. News.am

News.am-ը գրում է․ «NEWS.am-ը ներկայացնում է Բժշկական գիտությունների դոկտոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, Արմեն Չարչյանի հոդվածը։

Հարգելի հայրենակիցներ:

Սիրելի քույրեր և եղբայրներ, Հայստանում, Սփյուռքում և Արցախում

Ես բժիշկ եմ՝ վիրաբույժ: Աստծո կամոք իմ առաքելությունն այս կյանքում մարդ բժշկելն է, մարդկանց կյանք և առողջություն պարգևելը: Ես դա ընդունում եմ որպես հասարակության դասակարգման ամենաբարձր աստիճան: Համաձայն լատինական ասացվածքի՝ Medicus enim philosophus est Deo aequalis – Բժիշկն իմաստուն է, Աստծուն նմանակ:   

Մարդու կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են: Թերևս դրանցից ավելի բարձր արժեք են հայրենիքը, արժանապատվությունը և անկախությունը, որոնց համար մարդիկ գիտակցաբար զոհում են կյանքը:

«Մահ իմացյալ՝ անմահություն»: Եղիշե

Ես միշտ առաջնորդվել եմ քաղաքականությունից զերծ մնալու սկզբունքով: Մասնագիտությունս ու որակավորումս թույլ են տվել ինձ շատ ավելի բարձր ու վեհ լինել, քան ցանկացած քաղաքականություն, քաղաքական միավոր և գործընթաց: Սակայն, բացարձակ և ամբողջովին լինելով քաղաքականությունից դուրս, միշտ ունեցել եմ իմ նախասիրությունները, միշտ կարողացել եմ վերլուծել պատմական պահը և տալ առնվազն մոտակա ապագայի որոշակի կանխատեսումներ (որոնք հետագայում մեծամասամբ ճիշտ են եղել), սակայն երբեք չեմ բարձրաձայնել:

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ես, տեսնելով վերահաս արհավիրքը և անելանելի իրավիճակը, ստիպված դիմում եմ Ձեզ:

Ներկայիս իշխանություններն ամբողջովին և բազմավեկտոր տապալել են երկրի կառավարումը: Չեմ ուզում եզրահանգել, որ դա եղել է կանխամտածված (քավ լիցի), սակայն դա արդեն, ցավոք, կայացած փաստ է: Իմ կարծիքով տապալման ստրատեգիական պատճառը կառավարող համակարգի (ներառյալ ղեկավարության) ցածր պրոֆեսիոնալիզմն ու ոչ կոմպետենտ լինելն էր: Եթե դրան ավելացնենք նաև նորելուկ թրաշամանուկների մարտնչող էությունը (այլակարծության անհանդուրժողականություն, թշնամանք այլախոհների նկատմամբ, ամենաթողություն, անպատժելիություն՝ ելնելով քաղաքական պատկանելությունից,), ապա պատկերը կամբողջանա:

2018-ից առ այսօր մեր երկրի կառավարման համակարգում իշխում էր մարտնչող տգիտությունը: 2018 թ-ի գարնանը և ամռանը մեր հասարակության գերակշռող մեծամասնությունը ողջունեց իշխող համակարգի փոփոխությունը և նոր իշխանություններին: Ես ողջունել եմ միայն փոփոխությունը (որովհետև շատ արատավոր երևույթներ իրապես հեղձուցիչ էին և վաղուց արդեն հասունացել էր կտրական քայլեր կատարելու անհրաժեշտությունը), բայց ոչ նոր իշխանություններին: (ես միշտ եղել եմ «քյառթու Էրևանցի» և «քյառթու սև», անգամ շախմատ խաղալիս գերադասել եմ սև խաղաքարերը, իսկ շարասյունում՝ ավատարը և ոչ ավանգարդը): Ի դեմս նրանց ես տեսնում էի ծրագիր և ոչ պրոֆեսիոնալիզմ: Սակայն դա իմ ժողովրդի ընտրությունն էր, և ես, անգամ ներքուստ համաձայն չլինելով դրա հետ, ընդունեցի այն:  ​

Այսօրվա իրավիճակի համար մեղավոր ենք ազգովի: Յուրաքանչյուրս մեր արածի կամ չարածի չափաքանակով: Ես ընդունում եմ իմ մեղքը և ապաշխարում: Ընդունում եմ, որ դեռևս 2018-ին ես պետք է խոսեի, գոռայի, աղաղակեի՝ անգամ խարազանվելու սպառնալիքով: Ընդունում եմ, որ պետք է գործեի՝ հակընդեմ ամբոխի հորձանուտին: Եվ այսօր ես ապաշխարում եմ իմ չարածների համար: Մեղա Տեր:

2018-ին ներկայիս իշխանությունները եզակի հնարավորություն ունեին իրենց անունները ոսկե տառերով գրել հայոց պատմության դասագրքերում: Նրանց անուններն արդեն իսկ գրված են, քանզի, ուզես թե չուզես, 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո հայ պատմիչները պետք է արձանագրեին եղած դեպքերը և նշեին նրանց հեղինակներին: Նորաթուխ իշխանությանը մնում էր կամ ոսկեզոծել այդ տառերը, կամ կեղտով ու ցեխով պատել դրանք:

Իշխանությունը պետք է գիտակցեր և ընդուներ իր հնարավորություներն ու կարողություները: Մեկ մարդը չէր կարող միաժամանակ լինել լավագույն դիվանագետը, լավագույն տնտեսագետը, լավագույն քաղաքագետը, լավագույն բժիշկը, լավագույն գյուղատնտեսը …. լավագույն … վաստակը:

«Один, если даже очень важный,

Не может поднять простое пятиметровое бревно

Куда уж дом пятиэтажный»

Вл. Маяковский

Հացը պետք էր հացթուխին տալ թխելու: Պետք էր կազմավորել ժամանակավոր պրոֆեսիոնալների կառավարություն 2-3 տարով, փոխել Սահմանադրությունը, Ընտրական Օրենսգիրքը, Դատա-իրավական համակարգը, ձևավորել արդար տնտեսական դաշտ և կազմակերպել ու անցկացնել ազնիվ, թափանցիկ ընտրություններ՝ իշխանությունը հանձնելով իրապես ժողովրդի ընտրյալին, իրապես արժանավորներին: Այդ դեպքում կարելի էր ասել, որ ներկաները երկիրը մաքրեցին նախկիններ Ավգյան ախոռներից:

Ցավոք իշխանությունները չարեցին, մոլորվեցին, «պարեցին խելագար խնջույքում»:

Իշխանությունն ընտրեց 2-րդ տարբերակը և առավել վատթարը: Նրանց ապաշնորհության և անկարողության հետևանքով այսօր իշխանությունների անվան հետ են կապում նաև «հողատու» և «դավաճան» մակդիրները:

Պահի տրագիկոմիզմը կայանում է նրանում, որ իրականությունից կտրված, վիրտուալ տիրույթներով և ֆեյքերով առաջնորդվող, ոչ կոմպետենտ, ապաշնորհ, մեկը մյուսից ցածր որակավորում և պրոֆեսիոնալիզմ ունեցող իշխանակույտը, որ երկուսուկես տարում կարողացավ մսխել ամբողջ աշխարհում 100 ամյակներով ձևավորված «հայ» հասկացության, ինքնության, գենետիկ իդենտիֆիկացիայի արժանապատվության, գիտակցության արժեքների որոշակի զգալի մաս, դեռևս կառչած է իր աթոռին

«…Սուտ է: Ոչ հորը, ոչ մորն է սիրում,

Թանկ չէ ոչ որդին, և ոչ էլ թոռը

Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր,

Սիրում է կյանքում նա իր աթոռը…»

отправил(-а) Сегодня в 17:50

Պարույր Սևակ

Ես Հպարտ եմ և Արժանապատիվ կյանքում: Սակայն հպարտ եմ ոչ 2018 թվից, այլ ի ծնե: Հայրենասիրությունը, նվիրումն ազգին, լեզուն, կրոնիս պաշտամունքը, բարոյականությունը, ազնվությունն ու արդարությունը ժառանգել եմ ծնողներիցս՝ ստացել մորս կաթով: Ամբողջ կյանքում ապրել եմ գլուխս բարձր, սակայն այսօր գլխիկոր եմ:

«…Մնացի մենակ՝ հոգիս վրդովված,

Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած…»

Ռափայէլ Պատկանեան

Ես և իմ սերունդը չի սիրել պարտվել, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն (ինչ որ չափով լեբլեբիջիների հետնորդներն ենք): Սակայն այսօր ես, Արցախյան Հերոսամարտի մասնակիցս, «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվածս, մասնագիտական բարձրակարգ դպրոց՝ իր հարյուրավոր աշակերտներով և հետևորդներով ստեղծած ուսուցիչս, մոտ 25 000 վիրահատություն և 200 000 կոնսերվատիվ բուժում և խորհրդատվություն արած բժիշկս ինձ զգում եմ պարտված, հոգեպես հարստահարված, ընկճված և գլխիկոր: Եվ դա այս ստահակների, քաղաքական և բարոյական իմպոտենտների պատճառով: Ինչու՞: Ինչու՞պետք է ես հանդուրժեմ սրանց: Որ ևս 2.5 տարի հետո ազերիները տիրե՞ն Էրեբունի-Երևանը: Որ հայորդիները մզկիթում նամազ անե՞ն, իսկ գեղանի օրիորդները չալմա կրեն և բարձրագույն կրթություն ու մեքենա վարելու իրավունք չունենա՞ն: Որ մեր կրոնն ու հազարամյա մշակույթը մնա՞ն սոսկ պատմական հուշ, հիշողություն: Ես չեմ պատրաստվում և երբեք չեմ հանդուրժի պարտված հեռանալ այս կյանքից և  Բարձրյալի Դատաստանի առջև կանգնել գլխիկոր և ստորացված: Դա իմը չէ: Իմը Պայքարն ու Հաղթանակն է: Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն: Իմը Այգեկցու քաջ զինվորի առակն է՝ կանգնել, կռվել և հաղթել:

Եվ ես կռիվ ունեմ տալու:

Ոչ, պարոնայք: Դուք ան ասուն եք, որովհետև ասան չեք, խոսել չգիտեք՝ ան ասուն: Եթե իմանայիք՝ կխոսեիք, բան կասեիք (բառեր արտաբերելը դեռևս խոսել չէ, խոսք չէ, բան չէ, առավել ևս միտք)

«Ի սկզբանե բանն էր…»

Ավետարան ըստ Հովհաննեսի 1:1

Շարունակությունը ձեզ չեմ ասում, որովհետև շարունակությունը հասկանալու համար դուք պետք է իմանաք ինչն էր ի սկզբանե:

Իսկ շարունակությունը հետևյալն է.

«… Բանն Աստծո մոտ էր,

Եվ այդ բանն էր Աստված…»

Դուք անաստված եք, դուք անհավատ եք, դուք ան բան եք, դուք ոչ մի բան եք:

Եթե բան լինեիք՝ կխոսեիք: Ժողովրդի հետ, կխոսեիք, որ ձեզ քվե էր տվել, կխոսեիք պատգամավերների հետ, կխոսեիք նախագահի հետ, կխոսեիք Պուտինի հետ, Ալիևի հետ վերջապես: Բայց ոչ, դուք չխոսեցիք, դուք անասնացաք, դուք գործարքի գնացիք … սատանայի հետի և այրվելու եք դժողքում:

Նորին Մեծություն Ժամանակը մի շատ դաժան և սահմռկեցուցիչ օրինաչաձություն ունի՝ եթե չի հասցնում փոխհատուցել նզովյալին կյանքի ընթացքում, մնացյալի կրկնակին առնում է զավակներից:

Ցավում եմ և ողբում անմեղ մեղավորների համար:

Դե ուրեմն, Հայ Ժողովուրդը, որի արգանդը ծնել է Նարեկացի և Քուչակ, Կոմիտաս և Խաչատրյան, Այվազովսկի և Սուրենյանց, Վիկտոր Համբարձումյան և Ադամյան, Տիգրան Պետրոսյան, Փարաջանով, Ջիվան Գասպարյան, Թումանյան, Թամանյան, Տերյան, Իսահակյան, Սևակ, Չարենց, Գրիգոր Լուսավորիչ, չի կարող հանդուրժել առաջնորդվել վարկաբեկված, ապաշնորհ և անկարող իշխանախմբի կողմից, որոնց ընտրությունը կատարվեց մանիպուլյատիվ մասսայական ներգործությոան միջոցով, ոչ թե ի փառս, այլ ի հեճուկս: Եվ իշխանական վերնախավը պետք է հեռանա: Դա է պահի հրամայականը, դա է ազգային փրկության միակ բանալին:

Տեղեկացնում եմ ներկայիս իշխանությանը, որ հանրության բավականին լայն տիրույթում շրջանառվում են ձեր դավադիր, դավաճան, անգամ հողերը վաճառելու և թշնամու հետ գործարքի գնալու թեզերը: Չեմ ուզում հավատալ, և կարծում եմ որ ներկայիս իրավիճակը անխոհեմության, անկարողության, փորձի բացակայության և տգիտության արդյունք է: Սակայն, եթե ստեղծված իրավիճակում քաղաքական վերնախավը փորձի շարունակել հավակնել երկրի կառավարմանը, ապա հաստատաբար կարելի է հանգել 2 եզրակացության

1. Սա Ճիշտ, գրագետ հաշվարկված և ծրագրված դավադրություն էր, որի գինը սրանց իշխանությունն է՝ հանձնված հողերի և նահատակվածների դրմաց:

2. Իշխանությունը թքած ունի ժողովրդի, Հայրենիքի, հողերի, մեզ վրա, ամեն ինչի վրա:

Երկու դեպքում էլ անհանդուրժելի է սրանց գոյարյունը և օր առաջ, ժամ առաջ իշխանությունը պետք է հեռանա (հեռացվի): Հակառակ դեպքում քաղաքացիական բախումների, քաոսի և անարխիայի հնարավոր հեղված արյան պատասխանատվությունը լիովին ընկնելու է ներկայիս իշխանության վրա, որն իր հերթին մուլտիպլիկատիվ էֆֆեկտ է առաջացնելու արդեն իսկ արձանագրած անհաջողությունների և դժբախտությունների նկատմամբ, ինչը բազմապատկելու է պատասխանատվության չափը:

Հասկացեք, գիտակցեք, որ այսպես թե այնպես վերջ առաջ երբևէ հեռանալու (հեռացվելու) եք:

​Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ, գլխիկոր նայելով գետնին, քանզի աստղերն ու երկինքը ձեզ այլևս հասու չեն և չեն լինի մնացյալ աշխարհիկ կյանքում: Հեռացեք, մոռացեք ամենքին, ամեն ինչ: Հեռացեք, որ կյանքը նորից ընթանա իր բնականոն հունով: Հեռացեք, որ այլևս չզոհվեն մեր եղբայրներն ու որդինեը: Հեռացեք, ուղղակի հեռացեք:

Շարունակելի:

Հ.գ.1 Ներկայացված մտորումները ներկայիս իրավիճակի սոսկ առաջին՝ հուզական ընկալումներն էին: Լինելու է հոդվածաշար: Հաջորդիվ կփորձեմ կիսվել Ձեզ հետ կառուցողական ծրագրերով և տեսլականով:

Հ.գ.2 Եթե որոշ իշխանավորներ նստատեղով միաձուլվել են աթոռներին և ոչ մի կերպ չեն կարողանում պոկվել, ապա նշեմ, որ հայկական պլաստիկ վիրաբուժական դպրոցը շատ բարձրակարգ է և, անհրաժեշտության դեպքում, կարող եք (ենք) դիմել: Թանկ չէ: Տրամադրվում են նախատոնական զեղչեր: Ամեն հինգերորդին կարվի անվճար:

Հ.գ.3 Իմ ձեռքերն ամեն օր արյունոտվում են, արյունոտվում են օրը մի քանի անգամ (կախված օրվա վիրահատությունների թվից): Բայց երբ հանում եմ արյունոտ ձեռնոցներն ու լվանում եմ ձեռքերս, նրանք ճառագում են Լույսով, քանզի ևս մի կյանք են փրկել: Եղիցի լույս: Ի փառս:

Ձեռքերդ առերևույթ արնոտ չեն և ես դա երբեմն-երբեմն տեսնում եմ հեռուստատեսությամբ (երբ տասնամյա աղջիկս փոխում է հեռուստաալիքները՝ որևէ մանկական ծրագրի փնտրտուքով և այդժամ հանկարծակի մի ակնթարթ երևում ես դու): Քո ձեռքերի արյունը թափանցել է հոգուդ խորքը: Քո հոգին է արնոտվել, իսկ ինչպես լվանալ հոգու արյունը՝ չգիտեմ:

Արմեն Չարչյան

Աստծո արարած, Հայ, Քաղաքացի, Բժիշկ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ